Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա հիվանդությունը օրեցօր սաստկանում էր, չնայելով, թե նրա ծնողքը ուշադրություն չէին դարձնում դեպի նա։

Պարոն Վասակյանը չէր հեռանում հիվանդի մոտից։

Մի գիշեր նրան յուր մոտ կոչեց մելիքը։

— Նա տակավին չէ՞ վեր կենալու յուր հիվանդության մահճից,— հարցրուց նա։

— Նրա հիվանդությունը սաստիկ է,— պատասխանեց Ռեսը։

— Այն աղքատ աղջկա՞ համար։

— Հրամեր եք բժիշկները այդպես ասում են։

— Ուրեմն թող մեռնի յուր հիվանդության մահճի մեջ,— պատասխանեց անագորույն հայրը, գուցե մյուս աշխարհում կտեսներ յուր սիրուհին։

Պարոն Վասակյանը կոտրած սրտով դուրս եկավ մելիքի դահլիճից։ Գիշերը մթին էր և զարհուրելի, ամրոցում տիրում էր գերեզմանական լռություն։ Ռեսը անցնելով հիվանդի սենյակի մոտից, տեսավ, դեռ ճրագը վառվում էր. մոտեցավ դռանը, կամեցավ բաց անել, փակ էր։ Մի քանի րոպե նա ականջ դրեց դռան ճեղքերին, ներսից լսելի էր լինում հիվանդի նվաղած ձայնը և մի զարհուրելի խռոց։ նա առավել լարեց յուր լսողական գործարանը, դարձյալ լսելի էր լինում այն չարագուշակ խռոցը, որ ավեի նման էր խեղդվողի հեծկլտոցի խառն ձայներին։

Ռեսը, չկարողանալով ներս մտնել դռնից, մի հնարքով բաց արավ լուսամուտը։ Սարսափելի ապշություն տիրեց նրան, երբ տեսավ Սոլոմոն-բեկը յուր մեջքի գոտիով յուր պարանոցեն քարշ ընկած։ Նա իսկույն կտրեց մետաքսյա գոտին, և յուր գրկի մեջ առնելով անզգայացած տղամարդը, դրեց նրան մահճի մեջ։ նա շոշափեց խեղդվողի շնչերակը, նկատեց տակավին զարկում էր․ ձեռքը դրեց նրա կուրծքի վրա, զգացէ սիրտը թրթռում էր և դրանցով Ռեսը իմացավ, թե տակավին հույս կար նրա կենդանությանը։

Ռեսը չկամեցավ իմացում տալ մելիքին, մտածելով այդ անցքը գաղտնի պահել։

Սոլմոն-բեկը մի քանի րոպեից հետո ուշքի եկավ, սկսավ շարժել յուր ձեռքը, բայց նրա բերանից և պնչածակերից հոսում էր արյունը։ Ապա նա բաց արավ յուր կարմրած, արյունով լեցուն աչքերը, տեսավ Ռեսին նստած յուր մոտ։ նա ասաց թույլ ձայնով.

Ինչո՞ւ դուք շփոթեցիք իմ հանգստությունը․․․։

Ռես Վասակյանը ոչինչ պատասխան չտվավ։ Նա ջուր ածեց, Սոլոմոն բեկը լվաց բերանը և քիթը, մի փոքր հանգստանալեն հետո