Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլորովին զգաստացավ, և խոսեց.— Երանի՜ մի քանի րոպե հետո հասած լինեիք։

— Ինչո՞ւ,— հարցրուց Ռեսը։

— Որովհետև, ես մնաս բարով կասեի իմ կյանքին,— կրկնեց հիվանդը։

— Այդ ի՞նչ հիմար ցանկություն է։

— Ախ, դու չգիտես, Ռես, որքան ծանր է ինձ ապրելը... մահը միայն կհանգստացնե իմ խղճալի անձը։

Ռեսը ոչինչ պատասխան չտվավ, նա ուշադրությամբ նայում էր նրա երեսի վայրենի գծագրությանցը։

— Թողեք իմ գլուխը բարձի վրա,— ասաց Սոլոմոն-բեկը։

Պարոն Վասակյանը յուր գրկից նրա գլուխը դրեց բարձի վրա և զգուշությամբ ծածկեց նրա երեսը, որ նույն րոպեին գունատված, կապտագույն, երևցնում էր զարհուրելի կծկողություններ։ Նրա աչքերը փակվեցան, սաստիկ ջերմախտական կրակը տիրեց նրան։ Նա շփոթված էր երևակայական ցնորքների մեջ, և երբեմն դուրս էր թողնում բերանից անորոշ և կցկտուր բառեր։— «Սալբի» — «իմ նազելի» — «հոգիս» — ըստ մեծի մասին լսելի էին լինում նրա խոսքերի մեջ։

Պարոն Վասակյանը բոլոր գիշերը անքուն հսկեց հիվանդի մոտ։ Առավոտյան Սոլոմոն-բեկը, աչքերը բաց անելով տեսավ յուր մոտ նստած Ռես Վասակյանը։

— Երևի բոլոր գիշերը անքուն եք մնացած,— ասաց նա,— գնացեք մի փոքր հանգստանալու։

— Ոչ. ես բոլորովին հանգիստ եմ՝ բայց ասացեք, ի՞նչպես զգում եք ձեզ այժմ,— հարցրուց Ռեսը։

— Ես ծանր հիվանդ եմ և շատ կարելի է այդ հիվանդությունը ինձ տանե դեպի գերեզման։

Նույն ժամանակ պարոն Վասակյանը նշմարեց նրա աչքերը նվազած և ներս ճնշված. նրանց մեջ տեսանելի էր ցավալի հուսահատությունը և կատաղի նախանձ։ Նրա դեմքը գունատված էր. մահվան դալուկը ներկել էր նրա զարհուրելի երեսը քրքմագույն դեղնությամբ։ Նրա ձայնը ստացել էր կոշտ և խռպոտ հնչումներ։

Պարոն Վասակյանը, նշմարելով, որ հիվանդի դրությունը վտանգավոր էր, հարցրուց.— կամի՞ք իմացում տալ ձեր մասին։

— Միայն ասացեք, Սոլոմոնը հիվանդ է, ուրիշ ոչինչ...։

Ռեսը դուրս գնաց։

Ռեսը գտավ մելիքին. միայնակ, յուր գործակալի հետ խոսում