Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկական քաջագործություններ են կատարում, արհամարհում են մահը, նետվում են կրակի մեջ, արյուն են տալիս, սպանում են նենգ և դաժան թշնամուն։

Վարդանը իր վարքագիծը հիմնավորում է նրանով, որ թշնամին շատ անգամ է թալանել ու անմեղ արյուն թափել, իսկ այժմ եկել է հատուցման ժամը, և պատասխան պետք է տա նա։ «Բոլորը ավազակներ են, սկսյալ վալիից, փաշայից, մինչև վերջին մուդիրը և գայմագամը։ Մի ավազակ մի ուրիշ ավազակի հետ քույր և եղբայր են»[1],— ասված է վեպում։ Վեպում ասպարեզ է բերվում հայերին զինելու և ակտիվ պաշտպանության գործը կազմակերպելու հարցը։ Զարմանալի նմանություն կա Րաֆֆու և բուլղար ժողովրդի կլասիկ գրող «Լծի տակ» հռչակավոր վեպի հեղինակ Իվան Վազովի մտքերի միջև։ Բուլղար և հայ ժողովուրդների համանման կյանքի պայմանները և ազգային ազատագրական պայքարի պահանջները, իրարից անկախ ստեղծագործող երկու հեղինակներին հանգեցրել էին միևնույն մտքին։ Ընթերցողը հիշում է Կրալիչ—Օգնյանովին, որը ջաղացում երկու հրեշի—հարստահարող թուրքի սպանելուց հետո, այսպես է ասում. «Մենք միայն երկուսին սպանեցինք, իսկ սրանց նման դեռ հազարավոր գազաններ կան։ Բուլղար ժողովուրդը միայն այն ժամանակ ազատ շունչ կքաշի, երբ բոլորը կացիններ կվերցնեն ու կոչնչացնեն այդ արյունախումներին»[2]:

Հայ ժողովրդի անձնապաշտպանության միտքը Րաֆֆին հիմնավորում է նաև տեսականորեն, նույն այս տարիներին, գրելով «Մարդը գոյության կռվի մեջ» աշխատությունը։ «Համբերությունը մահ է»,— քարոզում է Դուդուկչյանը: Նարոդնիկական պրոպագանդիստի հայկական կերպարը — Դուդուկչյանը, երազում գոռում է. «Գյուղացիներ… հասավ ժամը… ձեր արյունով պիտի գնեք… ձեր ազատությունը… ներկան… ապագան… մեզ է պատկանում… ցույց տվեցեք… քաջեր… որ թուրքի… երկաթե գավազանը… բոլորովին չէ մահացրել… ձեր մեջ կյանքը… և … ազատության… զգացմունքը… Կրակի… , և… սրի մեջ… պիտի գտնենք… մեր… փրկությունը… Դեպի առաջ… քաջե՛ր… »[3]։

Վարդանը և Դուդուկչյանը անլուր տանջանքների են ենթարկվում, պարզ գիտակցելով, որ իրենք կընկնեն, «բայց մեր անկումը ճանապարհ կբացանե մեր հետևողների առջև, նրանք կանցնեն մեր դիակների վրայով»։ Սակայն Դուդուկչյանը լավ է ըմբռնում, որ եթե անձնազոհ անհատները մեռնեն, նրանց հետ կմեռնի և նրանց գաղափարը, իսկ ժողովրդի միտքը սպանել չի կարելի: «Ժողովուրդը մի մեծ վարժապետ է։ Նրա մի հատիկ ասածի մեջ անհուն փիլիսոփայություն կա»,— ասում է Դուդուկչյանը։ Հենց նա էլ «աշխատում է զինվորել ժողովուրդը և նրան պաշտպանողական դիրքերի մեջ դնել»։

«Ջալալեդդինը» արտացոլում էր նույն իրականությունը, ինչ որ «Խենթը», նույն հիմնական մտքերը, ինչ որ «Խենթը»։ Տարբերությունը գեղարվեստական նկարագրության խտացման մեջ է։ «Ջալալեդդինը» գրված է ավելի վարպետորեն, հավաք և կուռ սյուժեով, ուժեղ է և իր ընդհանրացումներով։ Այս է պատճառը, որ հեղինակի երկերի թվում այն ավելի շատ և ավելի հաճախ է թարգմանվել այլ լեզուներով, ամենից առաջ ռուսերեն լեզվով, տպագրվել է ռուսերեն մի քանի անգամ, մտել է Մ. Գորկու խմբագրությամբ լույս տեսած «Сборник армянской литературы» գիրքը»:

  1. Ի. Վազով, «Լծի տակ», Երևան, Հայպետհրատ, 1953 թ., էջ 47
  2. Ի. Վազով, «Լծի տակ», Երևան, Հայպետհրատ, 1953 թ., էջ 47
  3. Րաֆֆի, Երկերի ժողովածու, երրորդ հատոր, էջ 178 —179, Երևան, Հայպետհրատ, 1955 թ.