մեջ շփվում է ծծմբառը. ձեռքի մոմպատի լուսով, որ վառվում է նույն րոպեին, սենյակի կենտրոնում երևան է լինում մի մարդ։ Նա յուր ուսից վեր է գցում թեթև լեզգու յափունջին, և նույն րոպեին նրան կարելի է նմանեցնել մի մանուկ չերքեզ պարոնի, գեղեցիկ հագնված և ըստ կարգին զինված։
Այցելուն ծնկների վրա չոքում է մահճակալի մոտ, որի վրա քնած էր պարոն Ռուստամը. նա յուր ցուցամատով հեզիկ խեթկում է նրա կողքը։— «Ռուստամ» — «Ռուստամ»,— լսելի է լինում բարակ արծաթի հնչումի ձայնով։ Հունը խիստ ծանր էր. տղամարդը ոչինչ չէ զգում շարունակելով յուր խորին շնչառությունը։ Այցելուն յուր բարակ, հեշտախոսությունից դողդոջուն շրթունքը հպեցնում է քնողի երեսին, մի քանի ջերմ համբույրներ քաղում է նրա նույն ժամանակ վառված թշերից և մյուս անգամ սկսում է մեղմիկ խեթել նրա կողքը, շփել յուր դալար մատներով նրա երեսը ու բաց կուրծքը։
Պարոն Ռուստամը զարթնում է, նա զարհուրած կերպով վեր է թռչում, և եթե այցելուն շուտով ծանոթություն չէր տված յուր մասին, իսկույն ջարդուփշուր կլիներ այդ հսկայի ոտքերի տակ։
— Մի վրդովիք,— հեզիկ ասաց նրան աղջիկը։
— Ախ, Սալբի, դո՞ւք եք,— կրկնեց պարոն Ռուստամը։
— Որքան անզգա քնած էիք, ես մտածեցի կողոպտել ձեր սենյակը։
— Իրավունք ունիք ամաչեցնել ինձ,— պատասխանեց մանուկ տղամարդը։— Ուրեմն եկ համբուրեմ քեզ, իմ նազելի Պալլաս,— կրկնեց նա սեղմելով յուր կուրծքի վրա չքնաղագեղ օրիորդը։
— Մտածեցեք, Ռուստամ որքան մեծ բան է սերը,— խոսեց օրիորդը գաղտնի համակրությամբ։— Եվ որքան մեծ է նա, այնքան կատաղի և անխելք է։
— Բայց որքան անխելք է, այնքան քաղցր է։
— Սերը քաղցր է, երբ երկու կողմից ևս ունի յուր հավասարակշիռ մագնիսական ձգողությունը,— պատասխանեց օրիորդը։— Բայց Սոլոմոն-բեկը նույնպես սիրում է ինձ, և նրա սերը կատաղի ու անխելք է, բայց երբեք քաղցր չէ․․․։
Պարոն Ռուստամը ժպտեցավ։
— Ինչո՞ւ քաղցր չէ, և ինչո՛ւ չեք կարող սիրել նրան,— հարցրուց նա։
— Որպես մի տերության մեջ չեն կարող կառավարել երկու թագավորներ, նույնպես և մի սրտի մեջ երկու սեր,— պատասխանեց օրիորդ Սալբին։