Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ շունչ է տալիս, կենդանացնում է ամուսնական կյանքը, է սերը։

Պարոն Ռուստամը ոչինչ չխոսեց, նա ախտալից սրտով միայն նայում էր յուր սիրուհու երեսին։

— Դուք պատմեցեք մի փոքր ձեր հովվական կյանքի մասին,— ասաց նրան օրիորդ Սալբին։

— Ես երկար գրած էի ձեզ այդ մասին և կխոսեմ ձեզ հետո, եթե դուք ախորժում եք լսել, բայց այժմ կամենում եմ առաջարկել քեզ մի խնդիր։

— Ի՞նչ խնդիր։

— Դու ցանկանո՞ւմ ես, որ մենք երկուքս միմյանց հետ ապրեինք միշտ այդպես անօրեն սիրով։

—Ո՛չ,— կարճ պատասխանեց օրիորդը։

— Ապա ի՞նչ պետք է արած, երբ թշնամիները ամեն կողմից շրջապատել են մեզ այստեղ և քահանաները չեն կամենում կապել մեզ օրինավոր սիրով։

— Միթե մոռացե՞լ եք ինչ որ ձեզ գրած էի։ Իմ միտքը, իմ դիտավորությունը միևնույնն է, ինչ որ քանի օր առաջ հայտնել եմ ձեզ թղթով. այսինքն՝ գնալ, հեռանալ այդ երկրից մի այլ աշխարհ, ուր կարելի էր հանգիստ և անվրդով կյանք վարել։

— Միևնույնը և ես կամեի առաջարկել քեզ հոգիկս,— կրկնեց պարոն Ռուստամը ուրախացած։— Ուրեմն ե՞րբ պետք է դնել մեր դուրս գալու պայմանը։

— Երբ որ կամիս, ես միշտ պատրաստ եմ։

— Երկու օր դրանից հետո, այսինքն՝ շաբաթ կես գիշերին։

— Շատ լավ,— պատասխանեց օրիորդը և վեր կացավ։

— Ու՞ր,— հարցրուց պարոն Ռուստամը, ուղղակի նրա երեսին նայելով։

— Գողերը գործում են քանի մութ է, բայց լուսաբացին նրանք հեռանում են դեպ իրանց բնակարանները։ Մեր երկրի անկարգ սովորությունները պատճառ են տվել մեզ գողանալ միմյանց սերը... բայց ահա մոտ է լուսաբացը... պետք է հեռանալ։

— Արդարև,— այդպես է...— կրկնեց պարոն Ռուստամը։— Եթե մի անբախտ ռոմանագիր մեր սերը նյութ կառներ յուր վիպասանությանը, ես զարմանում եմ, ի՞նչ մի ցանկալի բան կարող էր գտնել նրա մեջ։

— Ոչինչ... մեր երկուսիս կյանքը դատարկ է...: