Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիորդը սկսեց հեռանալ, պարոն Ռուստամը գնաց նրան ճանապարհ դնելու:

Ծաղկավանի բոլոր տները կից են միմյանց. նրանց կտուրների վրայից կարելի էր գնալ գյուղի մի ծայրից դեպի մյուսն։ Եվ այդ միմյանց հետ կպած տուների մեջ կային ծակեր, այնպես, որ, առանց դուրս գալու, ծակերի միջով, մի եղելություն մի րոպեում կարելի էր բոլոր գյուղի մարդկանցը իմացում տալ։ Պարսկաստանի հայերի և ջհուդների բոլոր տուները ունին այդպիսի ձևեր։ Եվ այդ առանց պատճառի չէ։ Հարաժամ երկյուղը՝ գողերից, թշնամիներից պատճառ են տվել նրանց այնպես սեղմվիլ միմյանց հետ և այնպես սերտ գրկել միմյանց...։

Ճանապարհը, որ տանում էր տեր-Առաքելենց կտուրից մինչև ծերունի Մկրտիչի տունը, բավականին երկար էր և պետք էր անցնել բավականին շատ կտուրներ։ Պարոն Ռուստամը յուր սիրուհու հետ անցավ մի քանի կտուրներ։ Մութը խորին էր և աղջամղջին։ Շուները կատաղած հաչում էին նրանց ոտնաձայներից ու կտուրների երդիկներից շատ անգամ լսելի էին լինում դեռևս քնած գյուղացիների ձայները— «Է՜յ, այն ո՞վ է...»։

Գյուղական կյանքում կից կտուրները մեծ բախտավորություն են անբախտ սիրողների համար։ Նրանք, լույս ցերեկով չկարողանալով միմյանց տեսնել, շատ անգամ, օգուտ քաղելով գիշերների խավարից, կտուրների անմարդ անապատի մեջ կարողանում են գտնել մի անկյուն մի քանի ժամ միմյանց հետ խոսելու, և իրանց այրված սրտերի խորհուրդը միմյանց հայտնելու։ Ասիական աշխարհի մեջ այդ փոքրիկ անկյունը առավել ախորժելի է այդ անբախտների համար, քան թե մի պարտեզ, բուրաստան կամ ծաղկոց։ Որովհետև, այստեղ նրանց ծնողքը և ոչ այլ մարդիկ չէին կարող տեսանել նրանց...։ Լուսինը, փայլուն աստղերը, երբեմն տեսնում են նրանց և լսում նրանց ջերմ, հեշտախոսությունից բորբոքված համբույրները։

Պարոն Ռուստամը մինչև ծերունի Մկրտչի տունը, ճանապարհ դրեց յուր սիրուհին, և մի քնքուշ գրկախառնությունից հետո նրանք բաժանվեցան միմյանցից։

Պարոն Ռուստամը դառնալով, յուր սենյակի դռանը հասնելով, ներսից լսեց մի թխկոց և մարդու զգեստների խշխշոց։ Նա կասկածանոք մոտեցավ լուսամուտին, վառ ճրագի լուսով տեսավ յուր սենյակում մի պարսիկ՝ բարձր հասակով, որ կանգնած յուր մահճակալի մոտ, մերկացրած դաշույնը ձեռքին, անդադար հարվածներ