Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ջալալեդդինը» իրական-պատմական է իր հիմքով, այն օբյեկտիվորեն ճիշտ է ցույց տալիս շեյխերի ռեակցիոն շարժման էությունը։ Րաֆֆին, որ անողոք է քրիստոնեության նկատմամբ, պարզ և ցայտուն է նկարագրել նաև իսլամը և նրա ռեակցիոն բովանդակությունը: Շեյխ Ջալալեդդինի կերպարը և նրա ճառը ագրեսիվ պատերազմ սկսելու մասին, Րաֆֆին վերարտադրել է ամենայն ճշտությամբ։ Գեղարվեստական տեսակետից ևս այդ պատկերը խիստ տպավորիչ է, տրված լայն ու խոր ընդգրկումով և կմնա այն իբրև հայ գրականության փայլուն էջերից մեկը։

Ջալալեդդինի կողմից սրի և հրի մատնված Արևմտյան Հայաստանը վիպակում ցնցող նկարագիր է ստացել։ Ահա նվաճողի և ստրկացնողի գործը,-ասում է Րաֆֆին։ —«Կարծես մի չար և ոչնչացնող ձեռք անցել էր այն ընդարձակ տարածության վրայով, իր հետքից թողնելով ավերակներ և ամայություն»[1]:

Նվաճողին հակադրված ազատագրական պայքարի զինվոր Սարհատը անվերջ սարսուռ է զգում, տեսնելով հայրենի օջախն ու հայրենիքը ավեր ու մոխիր։ Դիմադրել թշնամուն, պաշտպանվել թշնամու դեմ, պաշտպանել սեփական իրավունքները, պատիվը, ինքնասիրությունը, հողը, հայրենիքը—այսպես է մտածում Սարհատը։ «Մարդկային կյանքը ներկայացնում է մի սարսափելի կռվի հանդիսարան. ով որ ընդդիմադրության շնորհք չունի, նա պիտի ընկնի, անհետանա, ոչնչանա»[2],—շարունակում է իր հերոսի մտքերը հեղինակը։ Վիպակը, միաժամանակ, երկու տարբեր սերնդի գաղափարական պայքարի պատկերն է տալիս, որը Րաֆֆին գծագրել է Սարհատի և հոր նշանավոր խոսակցությամբ։ Հոր, հին սերնդի պահպանողական հայացքները ժխտող երիտասարդն ասում է. «Բայց ես տեսնում էի, քանի որ գլուխս ծռում եմ, ավելի շատ են ծեծում, քանի որ լեզուս մունջ եմ պահում, ավելի շատ են հայհոյում,-ես տեսնում էի, երբ ձեռք չեմ բարձրացնում, եղած-չեղածս խլում տանում են, և ես մնում եմ աղքատ ու քաղցած։ Ես սկսեցի չհավատալ աստծուն, երբ տեսնում էի, որ նրա աչքերի առջև ամեն տեսակ չարագործություններ կատարվում են, և նա միշտ մնում է անտարբեր»[3]։

Սարհատն էլ կռվի է դուրս գալիս «չարի հետ չար լինելու, բարիի հետ բարի, այս էր պահանջում անարդար մարդկությունը»..․։

Վարդանի, Դուդուկչյանի, Մելիք Մանսուրի նման Սարհատը ևս հերոս անհատի կերպարն է. քաջ, արի, անվախ, խելոք, անձնվեր հերոս է նա, իր խոսքով և գործով նման նրանց, որոնք իրենց կյանքն ու արյան մինչև վերջին կաթիլը տալիս են հայրենիքի ազատության գործին, «Գաղափարական ավազակի» այդ տիպը «հասարակության անկարգ կազմակերպության դեմ» ուղղված բողոքի մարմնացումն էր, գոյություն ունեցող հրեշավոր իրականության ծնունդը, այդ իրականությունը խորտակելու ելած հերոս-մարդը։

Արդեն իսկ գծագրվում է Րաֆֆու գաղափարական ուղղությունը—պայքար օտար բռնակալության դեմ, արդարացի կռիվ անարդարութան դեմ, անձնապաշտպանություն, հայրենիքի և ժողովրդի փրկություն և ազատություն։

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, երրորդ հատոր, էջ 14, Երևան, Հայպետհրատ, 1955 թ․
  2. Նույն տեղը, էջ 20։
  3. Նույն տեղը, էջ 26