Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Եվ միակ հույսը, որ մխիթարելու է իմ պանդխտությունս է այն, որ ես իմ հետ տանում եմ մի ընկեր, որ կարող է կարեկից լինել ինձ, որ ընդունակ է հասկանալու իմ ուրախ և տխուր զգացմունքները, որ կարող է ինձ հետ լալ և ինձ հետ ծիծաղել։»

«Բայց սիրելի Վ... դուք մի մոռանաք երբեմնապես գնալ այն անբախտ թափառական վրանաբնակների մոտ, դուք սրբեցեք արտասուքր այն այրի կնոջ աչքերից, դուք մխիթարեցեք նրան։

«Ողջույն մատուցեք սիրո համբույրներով իմ բոլոր բարեկամներին, մնաք բարյավ, իմ բարեկամ, գուցե այլևս չենք տեսնելու միմյանց...»

«Ձեր սրտակից բարեկամ այժմ և միշտ տեր-Առաքելենց Ռուստամ»:

ԼԴ

ԿԱԼՎԱԾԱՏԵՐ ԽԱՆԸ

— Ո՞ւր այդպես շտապով, Մարտիրոս եղբայր, առավոտյան շուտ գնում ես, — հարցրուց գյուղացի Խաչատուրը յուր դրկիցից:

— Գնում եմ... ասում են խանը եկել է Ավազակենց տանը, բոլոր մարդիկ գնացին սալամ, ես էլ գնում եմ... գիտես մեր դրկիցների սատանությունը, թե այնտեղ չգտնվիմ, իմ քարփուջը[1] ջուրը կդնեն,— ասաց Մարտիրոսը։

— Ուրեմն կանգնիր, միասին գնանք,— կրկնեց Խաչատուրը:

Նրանք հեռվից տեսնում են գյուղացիների բազմությունը, որ խումբ֊խումբ գնում էին Ավազակենց տունը։

— Ի՞նչ գործի համար խանը եկել է Ավազակենց տունը,— հարց արեց Խաչատուրը։

— Բա, լսած չե՞ս, խանը պահանջել է Հովասաբենց աղջիկը օրիորդ Սալբին՝ իրան կին առնուլ, այսօր պիտի բերեն, այնտեղ տեսնե։

— Օ՜յ, տեր աստված,— կրկնեց զարմանալով Խաչատուրը.- խանին ո՞վ է հասկացրել, թե օրիորդ Սալբին մեր գյուղի բոլոր աղջիկների գեղեցկուհին է։

  1. Պարսկաստանում գործ են ածվում րստ մեծի մասին հում և անթուրծ քարփուջներ (աղյուսներ), որ ջրում գցածին պես փշրվում են։ Մի մարդու քարփուջ ջուրը դնել, ասել է՝ նրա գործը խանգարել։