Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարասիքը, մեր բոլոր ապրանքը, և մեր ընտանիքն էլ ծառա պիտի լինին ձեր անիրավ կամքին. ո՞վ է տվել ձեզ այդ իշխանությունը, դուք չե՞ք գիտում, որ մեր կրոնքը երկնքից մինչև երկիր մեզ հեռացրել է ձեզանից և մեր ու ձեր մեջ անկարելի է խնամություն։

— Որքան դուք այդպես պինդ կապված կլինիք ձեր մոլար կրոնքին, միշտ կմնաք խեղճ և մեզ ծառա,— պատասխանեց խանը թունավոր հայացքով։

— Ոչ, որքան մենք պինդ կապված կլինինք տգիտության և կործանիչ անմիաբանության, միշտ կմնանք խեղճ, բայց գիտցեք, որ հասել է ձեր բռնակալության վերջը... և հայր մինչև յուր արյունով կարող է վրեժխնդիր լինել ձեզ...։

— Ձայնդ կտրե, լիրբ շուն,— պոռաց բռնավորը.— ես այս րոպեիս կտրել կտամ քո լեզուն և դու կճանաչես քո չափր։

Եվ նա հրամայեց դահիճներին, որ նրա լեզուն կտրեն։

Պարոն Ռուստամի մոտ կանգնած գյուղացիները, լուռ, աչքով, հոնքով նշանացի էին անում նրան, որ չխոսե այդպիսի համարձակ խոսքեր, որով ոչ միայն յուր անձը կձգեր պատժի տակ, այլ բոլոր հայերը նրա պատճառով վտանգի մեջ կընկնեին։ Բայց արիասիրտ տղամարդը ուշադրություն չդարձրեց թուլահոգի և վախկոտ ամբոխին, նա խոսեց խանի երեսին և ավելի անպատշաճ խոսքեր, մինչև անգամ հայհոյանքներ։

Անբախտ տղամարդը, արդարև, քո երակներում դեռ չէ սառած հայոց դյուցազունների արյունը... և քո սիրտը զարկում է վսեմ ազգասիրական նախանձով...։ Բայց դու մինակ ես. «մի ձեռքը ծափ չի զարկում...»:

Սպանե՛ք, սպանե՛ք, կտոր կտոր արեք,— պոռաց խանը զարհուրանքով։

Երբ ֆերբաշները և խանի սարվազները մոտեցան նրան, քաջն Ռուստամ՝ դուրս եկավ բազմության միջից, քաշվեցավ դեպի բակի արձակ կողմը, և մերկացնելով յուր ահագին թուրը, որ թաքցրել էր յուր վերարկուի տակ, հարձակվեցավ ֆերբաշների վրա, կոչելով, անիրավներ, երեխայի՞ վրա վազում եք դուք։

— Սպանե՛ք, սպանե՛ք,— գոռում էր կատաղած խանր:

— Տեսնենք, ով շուտ կսպանե,— կոչեց մեր քաջը աներկյուղ սրտով․— մինչև այդ կատուները կհասցնեն ինձ մի շնչին վերք, ես բոլորին կուղարկեմ դժոխքը քո պապերի մոտ:

Այդ խոսքերի հետ նա զարկեց թուրը առաջին մոտեցող ֆերբաշի գլխին. արյունը խավարեցրեց նրա աչքերր, հասցրեց մի սաստիկ