Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներքինին դուրս բերավ յուր ծոցեն մի նամակ, տվեց մելիքին. նա կարդաց նրա մեջ հետևյալ խոսքերը.

«Անպիտան դու, այդ ի՞նչ աններելի հանդգնություն է, որ գործում ես։ Բավական չէ՞ որ քո ամենայն տեսակ բանսարկությունով և չարախոսությամբ, մոլորեցնելով խանի միտքը, խռովում ես խեղճ գյուղացիների հանգստությունը, իսկ այժմ համարձակվել ես և աղմկել նրա հարեմատո՞ւնը։ Թող վկա լինին աստծո բոլոր հրեշտակները, թե քանի ծանր և դժնդակ կերպով դու կճաշակես քո չարությանց պատիժը իմ ձեռքից, թե չկամեիր քո սատանություններին չափ դնել»։

Կնիքի վրա կարդացվում էր խանի գլխավոր հարեմի անունր «Դուրրի-Դարիա»։

Մահվան գունաթափությունը ներկեց նրա դեմքը քրքումի գունով, նա թուլացավ, ուշքը, միտքը կորցրուց, և հազիվհազ մի քանի րոպեից հետո յուր զորությունները պնդելով, ասաց ներքինուն.— ի՞նչ առիթ ուներ խանումը այդպես բարկանալ ինձ վրա։

— Դու խելագարվա՞ծ ես, այ մարդ,— կրկնեց ներքինին։— Ի՞նչպես թե խանումը առիթ չուներ քեզ վրա բարկանալու, միթե այդ փոքր գործ է, քեզ ի՞նչ վերաբերյալ է խառնվիլ խանի ընտանեկան գործերին․ այդ ի՞նչ աղջիկ տալ է. դու չե՞ս իմանում, խանըմները կբարկանան դրանով։

Մելիքը սկսեց հազար ու մի երդումներով հավատացնել, թե ինքը ամենևին այդ գործից տեղեկություն չունի եղել, և թե այլ մարդիկ հասկացրել են խանին օրիորդ Սալբիի մասին։ Բայց ինքը կամենալով խանին անհավանելի կացուցանել նրան, հրամայել էր այն ղարաչի կինը ցույց տալ օրիորդ Սալբիի փզխարեն, և շատ ուրախ է, որ հաջողվեց նրան։

Բոլորովին սուտ էր խոսում մելիքը, որովհետև, նա ինքը չէր կարողացել մինչև այն րոպեին հասկանալ այն հրաշագործ փոփոխության գաղտնիքը...։

ԼԵ

ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ

Այն ժամուն,— երբ բոլոր Ծաղկավանր աղմկալի խռովության մեջ էր— խանի մասին, երբ ձայն դուրս եկավ, թե օրիորդ Սալբիին տարան, պարոն Ռուստամին սպանեցին,— տեր-Առաքելենց