Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանում ոչ ոք չէր մնացած. նրա մայրը, հայրը և բոլոր ընտանիքը` հավաքված Ավազակենց տանում, լաց էին լինում։ Այդ ցավալի ժամուն Ռես Վասակյանը դևի նման սողաց պարոն Ռուստամի առանձնասենյակում։ Նա առանց ժամանակ կորցնելու մոտեցավ ահագին փայտյա արկղին, որ պարոն Ռուստամի թղթերու պահարանն էր։ Նա դուրս բերավ ջիբից մի շարք բանալիներ, մի քանիսը փոփոխելով, ապա բաց արեց արկղը, և սկսեց ուշադրությամբ քրքրել թղթերը։ Նրանց միջից նա վեր առավ երկու մեծ տետրակներ, մինը` պարոն Ռուստամի «Հիշատակարանը», մյուսը` «Ազատ ժամեր» մակագրությամբ, որ պարունակում էր նրա բոլոր տաղաչափությունները։ Այդ երկու տետրակները իրան հետ վեր առնելով Ռեսը զգուշությամբ փակեց արկղը, դուրս ելավ սենյակից և աներևութացավ Ծաղկավանի նույն ժամուն անմարդաբնակ փողոցների մեջ։

Նույն օրվա երեկոյան պահուն մելիքը Ռես Վասակյանի հետ ձիով գնում էին դեպի խանի ամրոցը։ Նրանք հասան, ձիերը պահ տվին ախոռապանին, մտան ամրոցը։ Բոլոր ամրոցը վառվում էր ճոխությունից, արևի վերջալույսը, խաղալով պատուհանների գույնզգույն ապակիների հետ, ձևացնում էր հազարավոր կախարդական գունավորություններ։ Շատրվանները փողփողում էին հայելվո նման, ջուրը բարձրանում էր անհամեմատ բարձրությամբ, սենյակներից լսելի էին լինում զանազան եղանակներով երգերի և նվագարանների ներդաշնակություններ։

Նրանք մանկլավիկներից մեկին հայտնեցին, որ խանին իմաց տան իրանց մասին և շուտով ընդունվեցան մի առանձին սենյակում դրսի բակում։ Շուտով հայտնվեցավ նրանց մոտ և խանը։

— Բարով եք եկել քյոխվաներ,– ասաց նա։

Նրանք մինչև դետին խոնարհվեցան, երկրպագություն տվեցին և կանգնեցան ոտքի վրա։

Ասես թե, խանը այսօր մի առանձին ակնկալություն ուներ այդ երկու անձերից, նա խոսում էր նրանց հետ սիրով և մինչև անգամ հրամայեց նստեցան յուր մոտ։ Այդ պատիվը, նրա կյանքում նրանից չէր վայելած ոչ մի հայ մարդ։ Այնուհետև հրամայեց ծառաներին հեռանան, և ոչ ոք չթողնեն իրանց մոտ։

— Ռես, բերե՞լ եք այն թղթերը,— հարցրուց խանը։

— Հրամեր եք, խան,- պատասխանեց նա։

Եվ Ռեսը դրեց խանի առջև երկու մեծ տետրակները- «Ազատ ժամեր» և «Հիշատակարանը»։