Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև այդ մի օրինավոր հնարք չէ, ձեր որդու սերը նրանից հեռացնելու։

— Ինչո՞ւ,— հարցրուց մելիքը բարկությամբ։

— Ներեցեք, խնդրեմ, որ մի քիչ երկար կամենում եմ պատասխանել ձեր ինչուին,— խոսեց խաբեբան յուր սովորական կոկ ոճով։ — Ամեն մի իրողություն, որ կամենում ենք գործել մենք, պետք է հառաջագույն մտածել, թե ի՞նչ խոսելու է դրա վրա հասարակաց լեզուն, կամ ի՞նչպես նայում է դրա վրա հասարակաց աչքը, ամենևին տեղի չտալով վատ կարծիքների և չար բամբասանքների։ Բայց մի այդպիսի իրողություն, որով դուք մտածել եք հեռացնել ձեր որդու սերը մի աղքատ աղջկանից, ոչ միայն հեռու չէ կացուցանում ձեր անձը ժողովրդի չար վատաբանությունից, այլև կոտրում է ձեր պատիվը և համարումը։

Հասնելով տունը մելիքը, հանկարծ նրա սենյակը մտավ Սոլոմոն-բեկը, քանի օրվա հիվանդությունից բոլորովին նիհարացած և տկարացած, ընկնելով հոր ոտքերը, նա ասաց.— հայր, ողորմություն արեք, լսեցեք ձեր որդու աղաչանքը, այդ ի՞նչ մտածմունք է, որով դուք կամեցել եք իմ պատճառով կորուսանել օրիորդ Սալրին։ Դուք չե՞ք իմանում, ես սիրում եմ նրան, այո, մի կատաղի և ցնորված սիրով, Երբ նա ինձ համար չկա, և իմ կյանքը նրա հետ կորած է։ Երբ դուք մտադիր եք նրան մատնել խանի ձեռքը, լավ է, հառաջադույն սպանեք ինձ, թող իմ աչքերս չտեսնեն այդպիսի դժբախտություն։

Ասիացի ծնողք չեն կարող առանց բարկության լսել իրանց որդիների և աղջիկների անկեղծ խոստովանությունը սիրո մասին։ Վերջին աստիճանի անհամեստություն համարելով յուր որդու խոսքերը, կոչեց մեքիքը գազանաբար·—Ձայնդ կտրիր, հիմար, դու: Ցնորված ես, դու գժված ես, եթե երկար կխոսիս այդպիսի բաներ քեզ կարտաքսեմ իմ տանից, զրկելով բոլոր ժառանգությունից։

— Ես բոլոր հոժարությամբ կամեի զրկվիլ աշխարհի ամեն փառքերից, ամեն հարստությունից, բայց օրիորդ Սալբիից ոչ երբեք,— ասաց Սոլոմոն-բեկը և դուրս եկավ հոր սենյակից։

Ռես Վասակյանը, նույն գիշեր, անգիտելի է, թե ինչ խորհրդով, մնաց Ավազակենց տունը, հանդիպելով հուսահատված է սիրտը կոտրված Սոլոմոն-բեկին, ասաց,- Ձեզ պետք չէր առանց իմ խորհրդին խոսիլ ձեր հոր հետ ձեր սիրո մասին, ես միշտ խրատել եմ ձեզ հետևել իմ կանոններին: