Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գիշերից բավական անցել էր։ Օրիորդ Սալբին, տեր-Առաքելենց տանում, յուր սիրականի հետ նստած, խոսում էին այն օրվա անցքի մասին։ Պարոն Ռուստամը զարմանալով հիշում էր ղարաչի կինը և հետաքրքրությամբ հարցնում էր օրիորդից նրա մասին, բայց օրիորդ Սալբին չուզեց նրան հայտնել և ոչ մի բառ Խլվլիկի մասին, որ աներևութացնելով օրիորդը, առել էր ղարաչու կերպարանք։

— Այլևս ժամանակ կորցնել հարկավոր չէ,— ասաց պարոն Ռուստամը յուր ճանապարհի պիտույքները խուրջիններում հավաքելով.— երեք ժամ լուսաբացին մնացած, Սալբի, դուք պատրաստ եղեք գյուղիցը դուրս, ավերված ջրաղացի մոտ. մենք այնտեղ կհանդիպենք միմյանց. ձեզ համար առանձին ձի կբերեմ այնտեղից մենք երեք հոգի ճանապարհ կրնկնինք, ես, դու և մեր Խաչոն։

— Շատ լավ,— պատասխանեց օրիորդը։

— Միայն դուք փոխեք ձեր զգեստը, հագնվեցեք տզամարդի ձևով, վեր առեք ձեր զենքերը և այն մորուքավոր դիմակը դրեք ձեր երեսին։

— Շատ լավ,— կրկնեց դարձյալ օրիորդը։— Բայց իմ վառոդը սակավ է, տվեք ինձ մի փոքր վառոդ և մի քանի գնդակներ։

— Առ քեզ,— ասաց պարոն Ռուստամը, տալով նրան մի աման լի վառոդով և գնդակներ։— Եթե կամենում եք, Խաչոյին հառաջագույն կուղարկեմ ձեզ մոտ, որ շալակե ձեր ճանապարհի մթերքը և հասցնե մինչև ավեր ջրաղացը գյուղից դուրս։

— Պետք չէ, ես ինքս կշալակեմ իմ ճանապարհի պիտույքը և կհասցնեմ մինչև նշանակյալ տեղը։ Այսուհետև պետք է մեր անձը սովորեցնել դժվարություններին...»

— Դե, գնացեք, ժամանակը կորչում է, լսեցի՞ք ինչ ասացի ձեզ։

— Հա, մնաք բարյավ։

Օրիորդը հեռացավ։

Ներս մտավ Խաչոն։

— Իմ բարեկամ,— ասաց նրան պարոն Ռուստամը,— լուսաբացին չորս մամ մնացած ձիաներին գարի տուր, թամքիր, որովհետև, երեք մամ մնացած լուսանալուն մենք պիտի ավերված ջրաղացի մոտից ճանապարհ ընկնինք։

— Հրամեր եք,— ասաց ծառան։