Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ երբ երեկոյան արեգակն ոսկեզօծում էր մինարեթների գմբեթները, խմբովին լողանում էին, թռթռում էին և զվարճանում էին ավազանների մեջ։ Եվ հարեմխանայի իշխանը — միայնակ նստած յուր բալախանում (վերնատնում) բաց լուսամուտի հանդեպ, ղեյլանի ծխի անուշ արբեցության մեջ, յուր փառքի բարձրությունից — նայում է այդ կախարդական տեսարանին։ Նա հիանում է... գրգռվում է... բորբոքվում է... և բախտավորեցնում է մինին այն գեղեցկուհիներից...

Ոչ մի օտար արարած համարձակ մուտք չունի այդ փակյալ դրախտի մեջ։ Զգույշ ներքինին հրեղեն սրով հսկում է նրա դռանը:

Կեսօր էր։

Խորին, սրբազան լռությունը տիրել էր հարեմխանայի վրա։ Կարծես թե, այն տոթային միջօրեական պահուն ամբողջ բնությունը թուլացած, թմրած, նիրհում էր հսկայական քնով, արթուն էր միայն մի հոգի։ Շքեղազարդ սենյակում, գեղեցիկ գլուխը դրած մարգարտյա փունջերով զարդարված բարձերին, կիսով չափ ծածկված բարակ քիշմիրյան շալով, պառկել էր մի մանկահասակ կին, Թավախիտ ծամերը, սև որպես ծիծեռնակի թևքն, արձակ հյուսերովճ փռվել էին կիսամերկ կուրծքի վրա։ Ոսկյա օղամանյակը վառվում էր գույնզգույն գոհարներով, որ զարդարում էր նրա գեղեցիկ պարանոցը։ նա յուր հոգեկան խռովության մեջ քնքուշ ձեռքով բռնել էր նարգիլեի օձապտույտ ծխաքարշն, երբեմն հպեցնում էր յուր բերնին նրա արծաթյա ամզուկը և անուշահոտ ծուխը մանրիկ օղակներով դուրս էր թափվում վարդագույն շրթունքի միջից։

Սևամորթ աղախինը, նստած տիկնոջ բարձի մոտ, սիրամարգի փետուրներից հյուսած հովհարով, զով էր սփռում նրա երեսին և զվարճացնում էր նրան, պատմելով հրապուրիչ հեքիաթներ ջիններից, գեղեցիկ հուրիներից և փերիներից, մինչև որ նա կքներ։ Երկար առանց լռելու պատմում էր նա, երբ նշմարեց, որ տիկնոջ քունը չէր տանում. վերջացրեց աղախինն յուր հեքիաթն այսպիսի խոսքերով.

— Ջեննաթի հրեշտակները թո՛ղ անուշցնեն քո նինջը քաղցրիկ երագներով, հանգստության վարդեր թող սփռեն քո մահճի վրա։

— Ա՜խ, Մարջան,— բացականչեց տիկինը ցավալի ձայնով. իմ մահիճը խռովեցուցիչ է ինձ, որպես Արաբիայի փշալի անապատն... ես երբեք հանգիստ լինել կարող չեմ...