Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քո կյանքի տխուր պատմությունը, Մարջան,— նրա խոսքը կտրեց Զեյնաբ-խանումը,— իմ միտքս բերավ հենց մի այդպիսի հեքիաթ, որ ես մի ժամանակ լսել էի պառավ տատիցս։ Նա շատ նման է քո ասածներին, լսի՛ր, Մարջան, ես կպատմեմ քեզ։

Խափշիկի ուռած շրթունքը շարժվեցան մի անմեղ ծիծաղով և նա համբուրեց յուր տիկնոջ ոտքն, ասելով․

— Դու ո՛րքան բարի ես, Զեյնաբ, դու ուզում ես հեքիաթ ասել քո ստրուկին։

— Հա՛, կասեմ, քանի քունս չէ տանում։


Բ

Այդպես սկսեց Զեյնաբ-խանումն յուր հեքիաթը.

«Կար չկար, կար մի քաղաք։ Այն քաղաքում նստում էր Գուրջիստանի թագավորն։ Այն քաղաքը շինված էր այն սարերի մեջ․ ուր Ղափ-Դաղի գլխին շղթայած է ջինների գլխավորը։ Դրախտը շատ մոտ է այն երկրին և հրեշտակների նվագածությունները դեռ լսելի են լինում այնտեղ։ Դրախտից բխած գետերից մինն անցնում է այն քաղաքի միջից և ջրում ծաղիկներով զարդարված դաշտերը։ Այնտեղ կանայք ջուր չեն տաքացնում լողանալու համար տարտարոսի բոցերն, անդունդից դուրս գալով, տաքցնում են աղբյուրները և նրանց ջրով լողանում են մարդիկ։

Էլել է, չէ՛ էլել, էլել է այն քաղաքում մի այրիկ և մի կնիկ․ նրանք ունեցել են մի սիրուն աղջիկ, որի անունը լինում է Ալմաստ Նա լինում է մի աղջիկ՝ այնպես վարդ թշերով, սև աչքերով, թուխ հոնքերով։ Տասն և հինգ գարուն ծաղկում էին ծաղիկները, և Ալմաստը տասն և հինգ տարի լսում էր սոխակի սիրահարական երգը։ Նա էլ ուներ յուր սիրահարը, յուր սիրով այրված, կրակված սոխակը—դա մի պատանի էր մանկահասակ։ Սավալանի նռները չունեին նրա թշերի գույնը. Շիրազի վարդերը չունեին նրա շրթունքի նրբությունը և կանաչազարդ սալբի— չինարին յուր շիտակությունով չէր կարող համեմատվել նրա վայելչահասակ բոյի հետ։ Նրա բնավորությունն այնպես քաղցր էր, որպես հրեշտակի շունչը։ Նա սրտով այնքան բարի էր, որքան մինարեթի աղավնին։ Այդ պատանու անունը կոչվում էր Մեխակ։ Հնդկաստանի մեխակը միայն կարող էր լինել այնպես անուշահոտ և անմեղ, որպես նրա հոգին։