Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեխակը և Ալմաստը ծնվել էին իրանց մայրերից մի օրում և մի ժամում։ Դեռ նրանց ականջները չէին լսել առաջին ձայնն օրորոցի երգի, երբ նորածինների ծնողքը վճռեցին նրանը ապագան—նրանք օրհնեցին Ալմաստի և Մեխակի ամուսնական նշանադրությունը։ Երեխաների օրորոցի դաստակից քարշ էին տված ուլունքներով զարդարված խաղալիքների մի-մի շարք, որոնց մեջ անցուդարձ էին մի-մի հատ մատանի։ Այդ մատանիներն էին նշաններ նրանց ծնողաց ուխտադրությանը։ Պառավ տատը շարժում էր օրորոցը և մեղմիկ ձայնով նանիկ էր կարդում, երեխայքը խաղում էին մատանիների հետ, մինչև անուշիկ քունը հանգստացնում էր նրանց։

«Երեխայքը մեծանում են։ Մատանիներն օրորոցի խաղալիքիդ դառնում են նրանց մատների զարդարանք, մինչև պատանին և օրիորդը հասկանում են նրանց նշանակությունը, հասկանում են, և սիրում են միմյանց․․․

«Հանդարտ լուսնկա գիշերներում, գաղտնի ծնողներից, ծառերի խորին ստվերի տակ, երկու սիրահարներն անցկացնում էին սիրո քաղցրիկ րոպեները․․․ Սոխակը նախանձում էր նրանց, երբ մտածում էր, թե յուր վարդը շատ անգամ ծակոտում էր նրա սիրտն յուր փշերով, բայց Ալմաստը և Մեխակը, փուշեր չունեին․․․։ Աներևույթ փերիները նախանձվում էին նրանց, երբ տեսնում էին, որ անմահների խմբի մեջ չկային այնպիսի սիրականներ․․․

«Բայց նրանց պարզ, հրեշտակային սերը չտևեց երկար։ Մի սարսափելի դեպք բաժանեց նրանց մեկ-մեկուց։

«Հեռու, արևելքից հայտնվում է այն քաղաքում մի ներքինի թագավոր[1]։ Նա ունենում է յուր հետ զորքերի մեծ բազմություն։ Այդ մարզիկը ջրի տեղ խմում էին ադամորդիների արյուն, իսկ հացի տեղ՝ ուտում էին նրանց միսը։ Նրանց սրտումը գութ չկար։ Անտառի վագրը և բորենին ավելի բարեխիղճ էին, քան թե նրանք։ Թագավորի զորքերը կրակ են տալիս այն գեղեցիկ քաղաքին, կողոպտում են բնակիչներին, կոտորում են ալևորներին, մորթում են ծծկեր երեխաներին յուրյանց մոր գրկումը, իսկ մանկահասակ աղջիկները և տղերքը գերի են առնվում։ Ուղտերու ամբողջ քարավաններով տանում էին խեղճ գերիներին դեպի ներքինի թագավորի աշխարհն, որոնց հետ և գերի է ընկնում Ալմաստն։ Այնուհետև նա Մեխակից ոչինչ տեղեկություն չէ ունենում։

  1. Աղա Մահմետ-խանն՝ Ախտա — Շահ մականվանյալ։