Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Երբ թագավորը հասնում է յուր քաղաքը, բաժանում է բերած կողոպուտը և գերիներին յուր զորքերի մեջ, Ալմաստին վեր է առնում թագավորի գլխավոր զորապետներից մինը՝ մի շահզադե, որը նրա գեղեցկության համար, կարգում է որպես յուր նշանավոր տիկիններից մինը հարեմի մեջ։ Զարդարում է նրան ոսկով և գոհարներով, բնակեցնում է թանկագին խալիներով և շալերով շքեղացրած դահլիճների մեջ, կերակրում է նրան մեղրով և շաքարով։

«Տիկնոջ պատուհանում գրած է փղոսկրյա վանդակի մեջ մի թութակ, երբ տիկինն յուր տխուր — հուսահատական րոպեներում ածում է թառի վրա, թութակը երգում է վանդակի միջից.—

«Իմ տիկինը կերակրում է
Ինձ նշերով, շաքարով,
«Իմ վանդակը զարդարում է
Յուր քնքշիկ ձեոքերով»։

«Բայց գե՛թ մի ժամ ուրախ լինել
Ես չեմ կարող իմ կյանքում,
Երբ հիշում եմ, թե գերի եմ
Այդ նեղ, փակված վանդակում»․․․


«Տիկինը լսում է թութակի խոսքերը և նրա սրտում զարթնում են միևնույն զգացմունքները։ Նա հիշում է հայրենի երկիրը, նա միտն է բերում յուր հայրը, մայրը և ազգականները։ Նա հիշում է յուր կորցրած սիրականը— քաղցրիկ անուշահոտ Մեխակին։ Նա զգում է, որ ինքը նույնպես մի գերի է, մի գերի հեռու աշխարհում, փակված հարեմի վանդակի մեջ և կենդանի թաղված այն տխուր գերեզմանում․․․։ Եվ իսկույն անցյալն յուր սարսափելի կերպարանքով պատկերանում է նրա աչքի առջև։— Նա տեսնում է յուր հոր, յուր մոր և ազգականների դիակները թավալված արյան մեջ՝ յուր հայրենական օջախում, և յուր այժմյան ամուսինը սուրը ձեռքում կանգնած է նրանց մոտ․․․։ Եվ իսկույն ծնվում է տիկնոջ սրտում մի զարհուրելի ատելություն դեպի այդ դահիճն, որ կոտորեց յուրյան ծնողքը, որ խլեց իրան հայրենական օջախից, որ և այսուամենայնիվ կոչում էր նրան յուր կին․․․

«Թե քնած թե արթուն՝ միշտ տիկնոջ ալքի առջև էր այդ արյունոտ տեսարանը և օրեցօր ավելի ու ավելի բորբոքվում էր նրա սրտի մեջ կատաղի ատելությունը դեպի յուր գերիչը․․․

«Անցնում են մի քանի տարիներ։

«Միակ միտքն, որ ավելի շատ էր տանջում տիկնոջը էր յուր