Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հարեմխանայի մեջ տղամարդիկ ներս բերելու համար հարկավոր չէ ծանոթ լինել Իսմ-ազամին։

— Էլի ի՞նչ հնար կա։

— Գիտե՞ք, տիրուհի՛, ի՞նչ էր պատմում մի օր Բագիմ-խանումի աղախինը` մալայուհի Ֆերուզը։

— Ի՞նչ էր պատմում։

— Նա ասում էր, թե յուր տիրուհին ունի մի սիրող։

— Հետո՞։

— Թե սիրողը շատ անգամ գալիս է տիրուհու մոտ։

— Հարեմխանայի մե՞ջ։

— Այո՛, հարեմխանայում։

— Ի՞նչպես է ներս մտնում։

— Ֆերուզն ասում էր, իմ տիրուհին ինձ ուղարկում է այն տղամարդի մոտ։ Ես տալիս եմ նրան իմ հագուստը՝ րուբենդը, չարսավը և չախչուրները։ Նա հագնվում է և այնպես գալիս տիրուհուս մոտ, որպես նրա աղախինը՝ Ֆերուզը․․․

— Այդ զարմանալի է, Մարջան։ Ի՞նչպես ներքինիքը չեն ճանաչում նրան։

— Սատանան ինքը չէ կարող ճանաչել արդյոք չարսավի մեջ Փաթաթվածը կի՞ն է, թե տղամարդ։

Տիկինը սկսեց ուրախությունից ծիծաղել, և նրա սիրտն այդ հույսերով ավելի վառվեցավ։

— Ինչո՞ւ եք ծիծաղում տիրուհի,— շարունակեց Մարջանը.— շատ անգամ Բագիմ-խանումն ինքն յուր աղախնի հագուստով դուրս է գնում ամրոցեն և շաբաթներով կորչում է, սատանան գիտե, թե ուր... Իհարկե, յուր սիրողի — Շաֆիի մոտ։

— Միթե Հեյդարը չէ՞ նկատում այդ բոլորը։

— Հեյդարն ի՞նչով կարող է գիտենալ, ծպտյալ կինն աղախի՞նն է, թե տիրուհին։

— Բայց ի՞նչպես չէ՛ հասկանում խանը։

— Խանն, եթե հարեմներից մինը կորչի էլ, չի գիտենա, այնքան որ շատ են։ Մինն էլ՝ իմ տիրուհուն հայտնի է, որ հարեմները գիտեն յուրյանց հերթն, թե երբ խանի հետ պետք է տեսնվին։ Բացի դրանից՝ խանը շատ անգամ շաբաթներով որսի է գնում ու հետ չի դառնում։

Զեյնաբ-խանումի սևորակ աչքերում կրկին փայլեցավ ուրախության լույսն.— ուրեմն մեզ համար ավելի լավ է, որ այժմ խանը մի շաբաթով որսի է գնացած։