Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հայտնի բան է։

— Եվ դու, Մարջան, պետք է գործ դնես նո՞ւյն հնարն, ինչ որ անում է Ֆերուզն յուր տիրուհու համար։

— Չէ ես մի այլ հնար պետք է մտածեմ։

— Ի՞նչ հնար, ասա՛, Մարջան։

— Մարջանն այժմ ասել կարող չէ, նա պետք է մտածե դրա վրա։ Բայց թող իմ տիկինն այժմ քնի, հանգստանա, երբ որ զարթնի, Մարջանը կասե նրան։

Խափշիկը թողեց յուր տիրուհին միայնակ յուր սենյակում։ Բայց նա ամենևին չկարողացավ քնել։


Դ

Երբ Մարջանը հեռացավ յուր տիրուհու սենյակից, արեգակի բոցերը սաստիկ այրում էին դրսումը։ Հարեմների հանգստության ժամն էր։ Նրանք արդեն քնած էին։ Միայն մանկահասակ աղախիններն, ազատ միջոց գտնելով, քաշվել էին սրահակների հովության մեջ, խոսում էին, ծիծաղում էին և զվարճանում էին փոքրիկ սենեկասպաս մանկլավիկների հետ։

Խափշիկը տեսավ մալայուհի Ֆերուզին գեղեցիկ Սալմանի հետ ման էր գալիս բակի ճեմելիքով, որ կամարած էր խաղողենի որթերով։

— Ֆերուզ, Սալման,— ձայն տվեց նա։

Նրանք կանգնեցան։ Մարջանը մոտեցավ։ Նրա միտքն այն է՝ կրկին անգամ խոսեցնել Ֆերուզին, նրա տիրուհու գաղտնիքներից խոսք քաշել և յուր տիկնոջ նպատակին ծառայելու միջոցներ հնարել։

— Սոխակները նիրհում են վարդի թփերի մեջ, նախշուն թիթեռները հանգստանում են կանաչ տերևի տակ, բայց Ֆերուզն ու Սալմանը հանգստություն չունեն...

Մալայուհին և շիրազցի պատանին երկուսն էլ ժպտեցան։ Նրանք մտան ավազանի մոտ գտնվող հովանոցն, որ հյուսած էր էասի պատատուկ ոստերով, որոնց սպիտակ ծաղիկներն ավելի անուշ բուրում էին կեսօրվա տաքությունից։

— Ի՜նչ լավ է այստեղ ծխել,— ասաց Մարջանը,— գնա՛ մի ղեյլան բեր, Սալման։