Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փոքրիկ Սալմանն ուրախությամբ վազեց կատարել երկու աղախինների հաճույքը։

— Դու էլ այսօր չես քնել, Մարջան, երևի մի «փորացավ» ունես,— ասաց Ֆերուզը պատանու գնալուց հետո։

— Ի՞նչ փորացավ։

— Դու իմանում ես, ես ինչ եմ ասում...։ Այս ժամուն երկու արարածներ չեն կարող քնել, ո՛չ հարեմխանայի աղախինները և ո՛չ դրսի տան մանկլավիկները...

— Ի՞նչ օգուտ, Ֆերուզ ջան։ Մենք նմանում ենք երկաթի վանդակի մեջ գրած թռչունին, որի շուրջը խեղճ կատուն պտիտ է գալիս, միա՜ու, միա՜ու է անում, յուր թաթիկները մեկնում է ճեղքերից... բայց ոչինչ բավականություն չէ ստանում...

— Այդ ուղիղ է, բայց գիտե՞ք, ի՛նչ է ասում առածն՝ «երկու սրտեր երբ միացան, շուտ են գտնում ծածուկ տեղը»։

— Ինչպես դու և այդ շիրազցի պատանին։ Այնպես չէ՞, Ֆերուզ։

— Նա դեռ երեխա է, ոչինչ չէ հասկանում...

— Բայց դու դարձյալ սիրում ես նրան։

— Սիրում եմ...— պատասխանեց մանկահասակ մալայուհի աղջիկը և նրա մուգ-դեղնապղնձի գույն դեմքն ընդունեց խիստ տխուր արտահայտություն։

— Բայց մեր տիկիններն ավելի բախտավոր են մեզանից,— խափշիկը փոխեց յուր խոսքը։

— Բախտավոր են, Մարջան։ Գիտե՞ք ի՛նչ էր պատմում Խուրշիդ-խանումի աղախինը՝ Հուսնին։

— Ի՞նչ էր պատմում։

— Նա ասում էր, իմ տիկինը մի օր թույլտվություն խնդրեց յուր քրոջ տունն երթալու։ Երկու ձի պատրաստեցին՝ մինը տիկնոջ համար, մյուսը՝ ինձ համար։ Մեզ հետ վեր առանք խանումի արաբին, բայց փոխանակ նրա քրոջ տունն երթալու, մենք քաղաքից դուրս եկանք, արաբը մեզ տարավ մի այգի։ Այնտեղ սպասում էր խանումին մի երիտասարդ զորապետ։ Խանումն երկու օր անցրուց նրա հետ։

— Բայց ի՞նչպես հավատում է Խուրշիդ-խանումն արաբին յուր գաղտնիքը,— հարցրուց Մարջանը զարմանալով։

— Արաբը մեզ նման ստրուկ է, խանումը խոստացել է նրան ազատություն, եթե մինչև հինգ տարի կպահե նրա գաղտնիքը։ Ասում են, նա արաբին էլ է սիրում...