Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ խոսակցությանը վըա հասավ Սալմանն, որ բերում էր արծաթի գլխով մինա արած ղեյլանը։ Նա մատույց ղեյլանը Մարջանին, բայց ուրախ պատանու երեսը չէր դադարում ժպտելուց։

— Ի՞նչ պատահեց քեզ, Սալման,— հարցրուց Ֆերուզը։

— Ես լսեցի ինչ էիք խոսում։

— Սո՛ւս կաց, դու դեռ փոքր ես, քեզ պետք չէ այդպիսի խոսքերին ականջ դնել։

— Ես թեև փոքր եմ, բայց շատ բան գիտեմ։

— Ի՞նչ գիտես,— հարցրուց Մարջանը։

— Ես առաջ սպասավոր էի Կ...— Միրզայի հարեմխանայում։

Իմ խանումը գեղեցիկ էր, ինչպես հրեշտակ։ Բայց մեր իշխանն ատում էր նրան։ Տարիներով նրա երեսը չէր տեսնում։ Շատ անգամ իմ խանումը զարդարվում էր գոհարներով և թիրմաներով։ Հոնքերը ներկում էր բասմայով, աչքերը սևացնում էր սուրմայով և ձեռքերը ներկում էր խինայով։ Նա այնպես սիրուն էր դառնում, որ ուզում էիր միշտ նայել նրա վրա։ Հետո այդ բոլոր զարդարանքը նա ծածկում էր մի հին կարկատած չարսավի տակ, երեսին ձգում էր նույնպես հին րուբենդ։ Եվ որպես մի աղքատ կին նա դուրս էր գալիս հարեմխանայից և ձևացնում էր յուրյան կույր մուրացկան։ Ես նրա ձեռքից բռնած, ման էի ածում բազարումը։ Նա խանութպաններից ողորմություն էր խնդրում։ Բազարի տղամարդերից որին հավանում էր նա, ես կանչում էի նրան մի պառավի տուն, ուր սովորաբար գնում էր իմ տիրուհին յուր շրջանը կատարելուց հետո։

— Դու կատարյալ դևիկ ես, Սալման,— ճչացին երկու աղախինները, չկարողանալով զսպել յուրյանց ծիծաղը։

— Մի անգամ,— առաջ տարավ Սալմանն,— իմ տերն իմացավ այդ բանն, իմ խանումին խեղդեցին և գիշերով թաղեցին քաղաքի խրամատի մեջ։ Ես փախա այն տեղից։

Երկու աղախինները բոլոր մարմնով դողացին։

Սույն միջոցին սենյակների մինի լուսամուտի ետքից, լսելի եղավ մի քնքուշ կանացի ձայն — Ֆերուզ, Սալման։

— Տիկինը զարթնեց,— ասացին մալայուհին և շիրազցի պատանին, և երկուսն էլ շտապով հեռացան Մարջանից։

Մարջանը հովանոցի մեջ միայնակ նստած մտածում էր, երբ նրա մոտ եկավ եթովպացի Սայիդը։ Դա մի պատանյակ էր ուղիղ և վայելուչ կազմվածքով, որի էբենոսի նման սև՝ մանկական դեմքի զվարթությունը կարելի էր նկատել, թե նրա տարիքն ոչ ավելի