Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պառավ վհուկ, նա կոչվում է «ջինների մայր»։ Նա իշխում է դևերի վրա, երկնքից աստղ է վեր բերում, ասում են, և փակյալ գանձերի դուռն է բաց անում։ Այս առավոտ ես նրա մոտ էի, խոստացավ գիշերը գալ, երբ ավելի են հավաքվում իմ տիկնոջ շուրջը չար ոգիները։

— Ուրեմն կգա՞ նա։

— Անպատճառ, այս գիշեր։ Բայց գիտե՞ս, ի՛նչ ասաց կախարդը։ Նա ասաց, խանումը պետք է միայնակ լինի յուր սենյակումն. ոչ ոք չհամարձակվի ներս մտնել նրա մոտ, որ նրա հմայքները չարգելեն։

— Ես կհրամայեմ ամենին, մոտ չգալ այն ժամուն խանումի սենյակին։

— Կախարդը կբերե յուր հետ դևերի իշխանին,— առաջ տարավ խափշիկը,— նա կհալածե ամրոցից բոլոր չար ոգիները. մեծ պատերազմ կլինի ոգիների մեջ և այդ միջոցին խանումի բակումն ոչ մի արարած պիտի չերևա, եթե ոչ կհանդիպի նրանց սրերին։ Այդպես ասում էր կախարդը։

— Ես կկարգադրեմ բոլորը, որպես պահանջում է կախարդը,— պատասխանեց ներքինապետը։ Բայց նույն րոպեին նա ամբողջ մարմնով դողում էր երկյուղից։

— Միայն դու, Մարջան, այս գիշեր աշխատիր անպատճառ բերել նրան։

Խափշիկը հեռացավ ներքինապետից լի բավականությամբ որպես մի մարդ, որ կիսով չափ հասել էր յուր նպատակին։ Նա գտավ յուր տիրուհին նույն դրության մեջ, որպես թողել էր։ Զեյնար-խանումը, տակավին թիկն տված թավիշյա բարձերին, յուր սրտի ամենաքաղցր վրդովմունքի մեջ էր։ Խափշիկի պատմածները հարեմական գաղտնիքների մասին քաջալերում էին նրա սիրտը, և նա հույս ուներ մյուս անգամ տեսնել նրան, և այդ բախտավոր րոպեին սպասում էր նա մեծ անհամբերությամբ։ Տեսնելով Մարջանի ուրախ դեմքը, նա հավատացրեց իրան, թե խորամանկ խափշիկն արդեն կազմել էր յուր մեքենան։ Եվ այդ կարծիքի մեջ չսխալվեցավ նա, երբ լսեց հետագա խոսքերը.

— Իմ տիկնոջ աչքը թո՜ղ լուսավոր լինի, ամեն բան արդեն կարգադրած է։

— Ո՞րպես,— հարցրուց Զեյնաբ-խանումը ուրախությամբ։ Խափշիկը պատմեց այն ամենը, ինչ որ խոսել էր ներքինապետի հետ։