Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու կատարյալ սատանա ես, Մարջան,— խոսեց Զեյնաբ-խանումը ծիծաղելով.— ուրեմն նա կմտնի ինձ մոտ որպես կախա՞րդ։

— Այո՛։ Բայց լսեցեք, տիրուհի, այդ բոլորը չէ։

— Այլևս ի՞նչ ունես ասելու։

— Մենք չենք կարող այդ գաղտնիքը ծածուկ պահել Սայիդից,— նա պետք է գիտենա բոլորը։

— Ի՞նչպես հավատալ նրան։

— Ես երաշխավոր եմ լինում իմ գլխով։

Տիկինը մտածության մեջ ընկավ։

— Դու երևի ամենը պատմեցի՞ր նրան,— հարցրուց խանումը րոպեական խռովությունից հետո։

— Բոլորը։ Թո՛ղ իմ տիկինը չվրդովվի, Մարջանը լավ գիտե յուր գործը։ Ես խոստացա Սայիդին, թե խանումը կշնորհե քեզ ազատություն, եթե դու լուռ պահես լեզուդ։

— Նա ի՞նչ ասավ։

— Նա խոստացավ ոչ միայն լուռ մնալ, այլև ամեն բանի մեջ օգնել մեզ։ Եվ երդվեցավ սարսափելի երդումներով և իմ սիրով։

— Քո սիրո՞վ,— կրկնեց տիկինը մի փոքր սիրտ առնելով։

— Այո՛, իմ սիրով,— պատասխանեց Մարջանը ծանրությամբ։— Մենք մեր տիրուհուց գաղտնիք չունենք, Մարջանը և Սայիդը սիրում են մեկ-մեկու։

Թե՛ խափշիկը և թե՛ մալայեցի պատանին, Զեյնաբ-խանումի սեփական ստրուկները լինելով, նա կատարյալ իրավունք ուներ նրանց ազատություն շնորհելու։

— Այս օրից Սայիդն ազատ է,— խոսեց տիկինը գոհունակ կերպով,— բայց լսի՛ր, Մարջան, թե դու և թե քո սիրականը չպիտի հայտնեք ձեզ ազատված մինչև մի հարմար ժամանակ, մինչև դուք պսակված կլինեիք։

— Հասկանում եմ.․․— ասաց խափշիկն ուրախալի ձայնով և համբուրեց յուր տիկնոջ ոտքերը ի նշան յուր շնորհակալության։

— Ուրեմն դու մի՛ ուշացիր, Մարջան, շուտով ազանը կկանչեն։

— Դուք միայն ասացեք, թե որտեղ է նրա բնակարանը։

— Դու կգտնես նրան քաղաքիս Սար-Ասքերի տանը, նրա կալվածքներն է կառավարում։

— Այդքանը բավական է ինձ,— ասաց Մարջանը վեր կենալով։— Դուք կախարդին սպասեցեք գիշերվա տասներկու