Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի երկբայական սարսուռ ցնցեց Քերիմ-բեկի բոլոր մարմինն այդ խոսքերը լսելու միջոցին:

— Դո՛ւք,— հառաջ տարավ խափշիկը,— ձեր հայրենիքից գրկվելուց հետո մեկ-մեկից բնավ տեղեկություն չունեիք, մինչև քանի շաբաթ առաջ հանդիպեցաք միմյանց իմ տիկնոջ ամառանոցումը...

— Նզո՜վք շեյթանին,— բացականչեց երիտասարդը սարսափելով,— մեր գաղտնիքը հայտնված է...

— Հանգստացեք, իմ տեր, ես լրտես չեմ։ Հավատացնում եմ ձեզ յոթն իմամների անունով, որ իմ խոսքերի մեջ կեղծավորություն չկա։ Ձեր և Զեյնաբ֊խանումի կյանքի պատմությունը բոլորն ինձ հայտնի է։ Իմ տիրուհին Մարջանից գաղտնիք չունի,— այդպես է ձեր աղախնի անունը։

Խափշիկը, դուրս բերելով յուր ծոցից մի ոսկյա խաչ, ցույց տվեց երիտասարդին։

— ճանաչու՞մ եք այդ բանը։

— Տե՛ր աստված, այդ «նրանն» է...— բացականչեց Քերրիմ֊բեկն, յուր ձեռքը առնելով փոքրիկ խաչը։

— Լսեցեք, իմ տեր,— շարունակեց խափշիկը,— Զեյնաբ֊խանումն այդ նշանը տվավ ինձ, ձեզ ցույց տալու համար, որ դուք հավատաք իմ բոլոր ասածներին։

— Ես այժմ հավատում եմ ձեզ։

— Ուրեմն ականջ դրեցե՛ք։ Զեյնաբ֊խանումը սպասում է այս գիշեր տասներկու ժամին ձեզ յուր մոտ ընդունելու։

— Ո՞րպես ես կարող եմ մտնել հարեմխանան։

— Դուք կհագնեք այդ շորերն, որ ես բերել եմ հետս և կմտնեք հարեմխանան որպես մի կախարդ պառավ։

Խափշիկը ցույց տվեց նրան յուր բերած կապոցը և հայտնեց այն բոլորն, ինչ որ խոսեցել էր ներքինապետի հետ, և որպես կարգադրել էին նրա դերը հարեմխանան մտնելու համար։Քերիմ-բեկը լսելով այդ խոսքերը չկարողացավ զսպել յուր ծիծաղը։

— Մարջա՛ն, ասաց նա,— դուք ուզում եք ինձ կախա՞րդ շինել։

— ՈՒրիշ հնար չկա։ Ժամանակը թանկ է մեզ համար։ Իմ տիրուհին կսկիծից կմեռնի, եթե այս գիշեր ձեզ չտեսնե։ Ամրոցում ամեն ինչ կարգի դրած է ձեզ ընդունելու համար։ Այդ մասին միամիտ կացեք։ Ահա ես գնում եմ և ձեզ մոտ եմ թողնում այդ հագուստը։