Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես ո՞րտեղ կարող եմ գտնել ձեզ։

— Հա՛, մոռացա։ Դուք կգտնեք ինձ Զումա-մեչիդի մոտ։ Այնտեղից մենք միասին ամրոցը կերթանք։

— Շատ լավ,— պատասխանեց երիտասարդն ուրախությամբ, երկու ժամից հետո ես այնտեղ կլինեմ։

Խափշիկը վեր կացավ, և մնաք բարով ասելով, հեռացավ։

Ը

Մթին գիշեր էր։ Շահզադեի հարեմխանայի գույնզգույն— ապակեզարդ լուսամուտները վառվում էին կախարդական լուսով։ Ծառերի խորհրդական սոսափյունը, շատրվանների ներդաշնակ խոխոջմունքը, գիշերապահ զինվորների ազդարար նշանախոսովթյունները, նրանց համար — հրոցը՝ տալիս էին այդ ցավերով ու զվարճությամբ լի բնակարանին մի դյութական բնավորություն․․․։

Ամեն մի հարեմի սենյակից լսելի էր լինում մի առանձին ձայն մի տեղ մանկահասակ աղախինները հնչեցնում էին թմբուկ, դայիրա և քաման, և իրանց տիրուհուն պար էին ածում։ Մի տեղ վշտալի հարեմը, միայնակ նստած յուր սենյակի լուսամուտի հանդեպ, փափուկ մատները վազեցնում էր թառի լարերի վրա և տխուր ձայնով երգում էր յուր կորսված սերը․․․։ Մի այլ սենյակում մայրը շարժում էր յուր զավակի օրորոցը և նանիկ էր կարդում։ Մի այլ տեղ ավելի հասակավոր հարեմը՝ լի բարեպաշտական զգացմունքներով՝ յուր գիշերային նամազն էր կատարում։ Մի խոսքով, ամեն ինչ շարժողության մեջ էր, ամեն տեղ եռ էր գալիս հարեմական կյանքն յուր ուրախ, տրտում, գեղածիծաղ և արտասվելի տրամադրության մեջ․․․

Մի սենյակում միայն տիրել էր խորին լռություն և աղոտ լուսով վառվում էր ճրագը։ Ոչ ոք չէր համարձակվում մոտենալ այգ բնակարանին, ամբողջ ամրոցի մեջ տարածվել էր լուր, թե այնտեղ հավաքվել էին չար ոգիները։

Այդ Զեյնաբ-խանումի սենյակն էր։ Անհամբեր, լի հոգեկան քաղցր վրդովմունքով, «մինին» սպասում էր նա այն ժամուն յուր նվիրական օթյակումը․․․։ Հոլանի թևքը նեցուկ տված գեղեցիկ գլխին, նստած էր նա, և արձակ ծամերն ալիքավոր հոսանքով թափվել էին կիսամերկ կուրծքի վրա։