Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սենյակի մեջ տիրում էր խորին լռություն։ Միայն ժամացույցի կանոնավոր չկչկոցը ներդաշնակում էր նրա սրտի ամեն մի զարկի հետ, երբ նա մտածում էր, թե երբ կլրանա տասներկու ժամը։

Վերջապես մտածեց նա յուր հոգեկան ամբոխմունքը մի փոքր ցրվել թամբաքուի ծխով։ Այդ պատճառով ձայն տվեց — Սայի՛դ։

Իսկույն դռները հետ գնացին և եթովպացու սև կերպարանքը Նկարվեցավ սենյակի մռայլի մեջ։

—Մի ղեյլան։

Սայիդը գլուխ տալով հեռացավ։

Նա կանգնեցավ ոտքի վրա և ուզում էր մոտենալ բաց լուսամուտին մի փոքր թարմ օդ ծծել։ Նրա կլասիկական հասակը նույն ժամուն նմանություն էր բերում մի հավերժահարսի, որ կարծես դեռ նոր վեր էր բարձրացել ծովային փրփուրներից։ Ոսկի թելերով նխշած կարճլիկ չափքանը խիստ նեղ կերպով սեղմված էր նազուկ մեջքին։ Եվ ամպի պես փքված շալվարները լայն բացվածքով հասնում էին մինչև բոլորովին մերկ սրունքները։ Թափանցիկ շապիկը հազիվ սքողում էր մարմարյա կուրծքը, որի վրա գոհարեղեն մանյակը վառվում էր աստղերի նման։ Նա նստեց պատուհանի հանդեպ, երբ Սայիդը մատուց ղեյլանը։

— Աայիդ, Մարջանն ասա՞ց քեզ, թե այս գիշեր մենք մի հյուր պետք է ընդունենք։

— Ասաց, տիրուհի։ Ես բոլորը գիտեմ,— պատասխանեց եթովպացին խորհրդավոր ձայնով։

— Դու արթուն կաց, որ «նրա» աս գալուստը չարգելվի։

— Ես հսկում եմ որպես սատանան։ Քանի րոպե առաջ բոլոր հարեմխանան կատվի զգուշությամբ շրջագայեցի։ Այս գիշեր չղջիկներն էլ կարծես չեն համարձակվում ձեր բակին մոտենալ։ Չար ոգիների սարսափը տիրել է ամենի վրա։ Ծերունի Հեյդարը բռնված է մի անասելի երկյուղով։ Ես տեսա նրան, ա՜խ ո՛րպես աղոթում էր նա յուր սենյակում...

Մի ուրախ ժպիտ շարժեց խանումի վարդագույն շրթունքը և մարգարտյա ատամները դուրս երևացին, որպես սադաֆը կարմիր բուստի միջից։

— Այդ լա՛վ է․․․— խոսեց նա,— Մարջանը շատ խորամանկությամբ հնարել է յուր ֆենդ ու ֆելը...

— Նա շատ սատանա է, տիրուհի,— պատասխանեց Սայիդը, կամենալով այդ խոսքով արտասանել Մարջանի անսահման գիտությունը։