Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թ

Երբ մի փոքր սթափվեցան նրանք յուրյանը հոգեզմայլությունից, նստեցին միմյանց մոտ տիկինն առաջինը ընդհատեց տիրող լռությունը.

— Ո՞վ կմտածեր, Մեխակ, որ այդքան անցքերից հետո մենք կրկին կտեսնեինք միմյանց։

— Աստուծո ձեռքում ամեն ինչ հնարավոր է, Ալմաստ,— պատասխանեց երիտասարդը։ — Բայց ի՛նչպես լավ խոսում ես դու հայերեն, դու չես մոռացել մեր լեզուն։

— Ես ոչինչ չեմ մոռացել, Մեխակ ջան, ես դեռ հիշում եմ Թիֆլիսն ու մեր Քուռը, ես դեռ հիշում եմ Խոջանց վանքն ու Համբարձման օրը, երբ աղջիկների հետ այնտեղ ջանգյուլումներ էինք երգում ու վիճակով մեր բախտը փորձում։Ես դեռ մտքումս ունեմ մի քանի ջանգյուլումներ։ Կարծելս թե, հենց այս րոպեիս իմ աչքի առջև կանգնած են մեր տունը և մեր կտուրն, ուր ճյուղերով ծածկված չարդախի տակ, հիշո՞ւմ ես Մեխակ, մենք անցուցանում էինք ամբողջ գիշերներ...

— Հիշում եմ...— պատասխանեց երիտասարդը և նրա ձայնը դողաց սրտի հուզմունքից։ —Ես ուրախ եմ, Ալմաստ, որ տյդ բոլորը չես մոռացել դու։ Ես մտածում էի, թե հարեմական զվարճությունների մեջ, դու մտահան կանեիր մեր բախտավոր անցյալը — մեր սիրո և մանկության քաղցրիկ օրերը...

— Ի՞նչ զվարճություն, իմ սիրելի, դու ինքդ լավ գիտես, թե ինչ բան է հարեմխանան և հարեմը։ Այստեղ ոսկուց, արծաթից և թանկագին գոհարներից է կազմվում անբախտ հարեմի գերեզմանը... թիրմա շալերից է կարվում նրա պատանը... և նա թաղվում է զարդարած դահլիճների փակված պատերի մեջ...

— Եվ նա մխիթարություն է գտնում,— ավելացրեց երիտասարդը,— խոսելով թթված ներքինիների և զզվելի դեմքով' սևամորթ ստրուկների հետ։

— Այդ ուղիղ է, իմ սիրելի,— հառաջ տարավ Ալմաստը:— Դու չես կարող երևակայել, թե ի՛նչ ցավերով անցուցել եմ ես այստեղ իմ սև օրերը...։ Ամբողջ հարեմխանան լցված է կնիկներով, ամեն ազդից և ամեն դասից։ Նրանց ամեն մեկի կյանքի հետ կապված է մի սարսափելի պատմություն։ Ներքինապետը միևնույն կերպով է մարվում յուր տիրոջ կնիկների հետ, ինչ կերպով որ վարվում է ախոռապետը նրա ձիաների հետ, երբ պատրաստում էր նրանցից