Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես զոհել եմ քեզ, սիրելի Ալմաստ, ոչ միայն իմ սիրտը, այլ իմ կյանքը և իմ ձեռքը,— պատասխանեց Քերիմ֊բեկը համբուրելով նրա թշերից։

— Ուրեմն ազատի՛ր ինձ, Մեխակ ջան, ազատի՛ր այդ բանտից։

— Ես կազատեմ քեզ, Ալմաստ, ես վաղուց մտածում եմ դրա վրա։ Դեռ դու իմ գոյության մասին ոչինչ տեղեկություն չունեիր, դեռ դու չգիտեիր, թե ուր է Մեխակը, ես մտածում էի քո ազատության համար։ Ես միշտ կարող էի թողնե՛լ այդ քաղաքը և փախչել դեպի իմ հայրենիքը։ Սեր-Ասքերի բոլոր հարստությունը չէր կարող կապել իմ սիրտն ինձ համար մի ատելի երկրի հետ, որտեղ ես բերված էի որպես գերի։ Բայց մի բան ստիպեց ինձ այսքան երկար ժամանակ այս քաղաքումս մնալ, երբ մտածում էի, թե այստեղ կթողնեմ մի սիրտ, որ գուցե դեռ զարկում էր իմ համար... — Այդ քո սիրտն էր, Սիրելի Ալմաստ։

—Ա՜խ, ո՛րքան բարի ես դու, Մեխակ։ Ազատի՛ր ինձ, ազատի՛ր,— կրկնեց Զեյնաբ-խանումն արտասվելով։

— Նպատակն արդեն վճռված է, սիրելի Ալմաստ, մնում է նրա գործադրությունը։

— Ինչո՞ւ չպտի շուտ լինի այդ։

— Հարկավոր է մտածել, թե ի՞նչ հնար պետք էր գործ դնել։

— Ա՜խ, այդ շատ ուշ կլինի...— կոչեց հուսահատությամբ Զեյնաբ-խանումը։

— Մի՛ շտապիր, իմ հոգիս,— պատասխանեց երիտասարդը ծանրությամբ։— Գիտե՞ս մենք որտեղ ենք գտնվում,— Պարսկաստանի սրտումը և մեզանից ամեն մինն՝ ամենահզոր իշխանի տան մեջ։ Երկրի սահմանները հազարավոր մղոններով հեռու են դրած մեզանից։ Մի փոքր անզգուշությունը կարող էր մեզ հավիտյան ղրկել միմյանցից...

— Ա՜խ, աստված,— բացականչեց տիկինը տխուր ձայնով։

— Լսի՛ր, Ալմաստ, այստեղ չէ կարելի մեզ երկար խորհրդակցել միմյանց հետ։ Այդ անշունչ պատերը կարող են ականջ ունենալ, հարկավոր է նշանակել փոքր ի շատե ապահով տեղ։

— Ես ոչ մի տեղ չեմ ճանաչում, սիրելի Մեխակ, մինչև այսօր այս չորս պատերն են եղել իմ աշխարհը։

— Դու հիշո՞ւմ ես ձեր հարևան Սալոմեին։

— Այո՛, հիշում եմ, կախեթցի Գիորգիի աղջիկը, նա իմ լավ բարեկամս էր։

— Սալոմեն այժմ այս քաղաքումն է։ Մի պարսիկ տասնապետ