Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գերի բերավ նրան այստեղ, հետո ամուսնացավ նրա հետ։ Սալոմեն ունի մի զավակ միայն յուր տղամարդից։ Նա շատ բարի կին է։

— Առաջ էլ բարի աղջիկ էր,— կտրեց Զեյնաբ֊խանումը Քերիբ-բեկի խոսքը։

—Այո՛, բարի աղջիկ էր։ Ես նրա միջնորդությամբ էի միշտ քեզ զանազան խաբարներ ուղարկում... Սալոմեն մեր գաղտնիքն այնպես ծածուկ պահում էր։ Ես տակավին չեմ մոռացել նրան։ Ես քեզ հետ տեսնվելուց առաջ շատ անգամ գնում էի նրա տունը, միշտ քեզ վրա էինք խոսում և նորոգում էինք վաղեմի հիշողությունները․․․։ Նա դեռ սիրում է քեզ, Ալմաստ, դու կարող ես նրա տունը քեզ ապահով օթևան ընտրել, երբ կկամենայիր ինձ հետ տեսնվիր։

— Բայց ես չեմ գիտում նա որտեղ է բնակվում։

— Այս գիշեր Մարջանին ես ցույց տվի նրա տունը, խափշիկը քեզ ուղղակի այնտեղ կբերե։

— Շատ լավ, այսուհետև մեր տեսությունների համար կնշանակենք Սալոմեի տունը։ Ես շատ ցանկանում եմ նրան տեսնել, ես չգիտեի, թե նա էլ գերի է առնված։ Ա՜խ, ի՛նչքան կուրախանա Սալոմեն, երբ ինձ տեսնե։

— Շատ կուրախանա, Ալմաստ, նա դեռ սիրում է քեզ,— հառաջ տարավ երիտասարդը։ —Մարջանը կլինի մեր միջնորդը, երբ պետք էր տեսության ժամերը նշանակել, այդ խափշիկը շատ խելացի աղջիկ է երևում։

— Միևնույն ժամանակ նա չափից դուրս հավատարիմ է:

— Իսկ այդ եթովպացի պատանի՞ն։

— Սայի՞դը, նա նույնպես հավատարիմ է ինձ։

— Շատ լավ, մենք կարող ենք օգուտ քաղել դրանց հավատարմությունից։ Այդ սևերը խիստ հարմար գործիք են լինում գաղտնի հարաբերություններում։ Միևնույն ժամանակ նրանք խորամանկ են, որպես սատանա։

Սույն միջոցին նախասենյակից լսելի եղան զանազան ձայների սարսափելի հնչումներ։ Կարծես թե գիշատող գազանների ահարկու մռնչյունները կազմում էին մի ընդհանուր վայրենի ներդաշնակություն։

Երիտասարդը ձեռքը տարավ դեպի դաշնակը։

— Մի՛ վրդովիք, Մեխակ, դրանք խափշիկը և եթովպացին ներկայացնում են չար ոգիները։

— Գրո՜ղը տանե նրանց, կատարյալ սատանաներ են,— ասաց երիտասարդը ծիծաղելով։