Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դնելու։ Մի՛ մոռացիր, որ նրա չարսավի տակ ծածկված է մեր տիրուհին։

— Հասկանում եմ...։ Հետո՞։

— Ես կվերադառնամ կես ժամից հետո։

— Այդ գեղեցիկ բան է։ Կնշանակե դու և ես կլինենք այդ փառավոր դահլիճի տերը և տիրուհին։

Խափշիկը ժպտեցավ։

— Որչափ կամենում ես ուրախացիր, Սայիդ։ Խանումը մի քանի օրով բացակա կլինի ամրոցից։

— Իսկ առայժմ ավելորդ չէր լինի մի բան։

— Ի՞նչ բան:

— Իմ սիրուհին մի թեթև վարձատրություն աներ այդ բոլոր հրամանների փոխարեն։

Մարջանը մոտեցրեց Սայիդի շրթունքին յուր կոկ, շագանակի կեղևի գունով թշերը։

Քանի րոպեից հետո երկու դիմակավորված կանայք, ծածկված չարսավներով, դուրս գնացին ամրոցից։

— Կախա՜րդը...— լսելի եղան մի քանի ձայներ,— գնում է Մարջանի հետ։

ԺԱ

Քաղաքի խուլ և խեղդված թաղերից մեկի անկյունում, կեցած էր մենավոր տուն, որ ագռավի բույնի նման տխրությամբ նայում էր խոր խրամատի վրա, որով շրջապատած էր ամբողջ քաղաքը։ Գիշերվա մթության մեջ ոչ ոք չէ համարձակվի մոտենալ այդ փոքրիկ տնակին, որն արտաքուստ թեև կրում էր ողորմելի կերպարանք, այսուամենայնիվ միշտ սարսափ էր ձգում յուր շրջակայքի վրա։

Այդ տնակն ոչ սակավ անգամ եղած էր տեսարան զարհուրելի չարագործությունների...

Նա բաղկացած էր մի քանի սենյակներից, որոնք ոլոր-մոլոր մուտքերով բացվում էին միմյանց մեջ։ Այդ սենյակներից մեկի մեջ միայնակ նստած էր մանկահասակ կին։ Նեղ բակի չինարի ծառերին փաթաթված խաղողենիները, հովանավորում էին նրա լուսամուտները նույն ժամուն արևի այրող ճառագայթներից։

Կինը տխուր-հուսահատական ձայնով նանիկ էր կարդում յուր