Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանուկին, որը, մոր կրծքին կպած, անհագ կերպով ծծում էր յուր սնունդը նրա ստինքից, և երբեմն ժպտելով լուր լուսափայլ աչքերը դարձնում էր մոր երեսին, կարծես, նրանցով աշխատում էր ցույց տալ, թե նա արդեն գո՛հ էր յուր վիճակից։ Բայց ո՞րքան հույս և կյանք էր տեսնում այն պարզ և անմեղ աչքիկներում քնքուշ մայրը...

Այդ կինն յnւր միջին հասակումն էր՝ լղարիկ և ցամաք կազմվածքով։ Բայց նրա վշտահար դեմքը կրում էր յուր վրա տխրության բոլոր գծերը։ Նրա նշաձև սևորակ աչքերը՝ խիտ թերթերունքներով, որոնց մեջ կար այնքան կյանք և կիրք, նվաղած էին։ Երևում էր, որ նրանք շատ անգամ վկա էին եղել ցավալի տեսարանների և արտասուքը խիստ հազիվ ցամաքել էր նրանց միջից...

Դռան թխկոցը խլեց մոր ուշադրությունը յուր սիրելի մանուկից։ Նա դրեց տղան օրորոցի մեջ։ Երեխայի փոքրիկ մատիկները սկսան զբաղվիլ յուր օթյակի դաստակից քարշ ընկած խաղալիքների հետ։ Մայրը վազեց դեպի դուռը։ Աստված տար, որ «նա» լիներ, ասաց յուր մտքի մեջ։

— Ո՞վ եք,— հարցրուց ներսից։

— Աստծո հյուրեր,— լսելի եղավ դրսից:

Դուռը բացվեցավ։ Տանտիրուհու առջև հայտնվեցան երկու դիմակավորված կանայք։ Նրանցից մեկի արտաքին օտարոտի կերպարանքն յուր վրա դարձրուց նրա ուշադրությունը։ Նա նմանում էր բոշա մուրացկանի, որ կարծես եկել է մի բան խնդրելու: Այդ միտքն առիթ տվեց տանտիկնոջը հանել յուր գրպանից մի քանի սև փող, որն առաջարկելով բոշային, ասաց.

— Ա՛ռ այդ արծաթը, ավելին աստված տա։

— Մենք չենք եկել ողորմություն խնդրելու,— ասաց բոշային նմանող կինը. միայն թե կարելի է մի քանի րոպե մեզ հանգստություն շնորհեցեք ձեր տան ծածկի տակ, մինչև տոթը կանցներ, մենք հեռու ճանապարհից ենք գալիս։

— Հրամեցեք,— ասաց տանտիկինը, ներս հրավիրելով։

Հյուրերը ներս մտան։ Դուռը կրկին կողպվեցավ։ Նրանք անցան սենյակը, բայց եկվորներից և ոչ մինը տակավին չէր բարձրացրել երեսից դիմակը։

— Այստեղ դուք մինակ ե՞ք,— հարցրուց բոշային նմանող կինը։

— Այստեղ ես եմ և իմ տղան, իսկ մյուս սենյակում պառկած է մի հիվանդ։