Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի հիվա՞նդ,— կրկնեց եկվորը։ Նա արգելք չէ՞ կարող լինել մեզ։

— Նա վիրավորված է, շարժվել անգամ անկարելի է նրան։

Եկվորները բարձրացրին դիմակները։ Երկու պատկեր, մինը՝ գեղեցիկ որպես բոլորված լուսնյակ, մյուսը՝ սևուկ բոված ղահվեի գունով, երևան եղան տանտիկնոջ աչքին։ Նրա հիացմունքն ավելի սաստկացավ, երբ նրանք ձգեցին յուրյանց հնոտի չարսավները։ Գեղեցիկ կինը զուգված էր բոլոր այն շքեղություններով, որով արևելքը գիտե զարգարել յուր սիրո առարկաները։

Րոպեական ապշությունից հետո, շփոթված տանտիկինը՝ գեղեցկուհուն վրա ընկավ, գրկեց նրան, «Ալմաստ» անունը թռավ նրա բերնից, և թուլացած, անմռունչ մնաց յուր հյուրի կուրծքի վրա...։

Դա Զեյնաբ-խանումն էր, իսկ նրա ընկերուհին՝ Մարջանը։

— Դու ճանաչեցիր ինձ, Սալոմե,— ասաց նա, չթողնելով յար վաղեմի բարեկամին գրկիցը։

— Իմ աչքերը պետք է կույր լինեին, որ չճանաչեին քեզ, Ալմաստ։ Ա՜խ, աստված, ի՛նչպես մենք կրկին տեսանք մեկ-մեկու։

Երկար երկու ընկերուհիներն, որպես մի զույգ հարազատ քույրեր, չէին դադարում միմյանց գրկելուց, միմյանց համբուրելուց և մեկ-մեկու վրա նայելուց։ Ուրախության բորբոքումը թաց արեց երկուսի էլ աչքերը արտասուքով։

Մարջանը լռությամբ նայում էր այդ հոգեշարժ տեսարանին։ Երբ նրանք բաժանվեցան, նա մոտեցավ յուր տիկնոջը, հարցնելով.

— Ձեր աղախինն այժմ կարո՞ղ է գնալ:

— Գնա՛, Մարջան,— պատասխանեց Զեյնաբ-խանումը,— անցի՛ր «նրա» մոտ, ասա՛ որ ես այստեղ եմ։ Հետո ամրոցը կերթաս, այնտեղ քո գործը դու ինքդ լավ ես իմանում...

Խափշիկը գլուխ տալով կամենում էր հեռանալ, երբ Սալոմեն հարցրուց.

— Դա քո աղախի՞նն է, Մարջա՛ն, ի՜նչ գեղեցիկ անուն է։

— Իմ հավատարիմն է, ճանաչի՛ր, Սալոմե, այսուհետև դրա հետ գործ շատ կունենաս։

— Ե՛կ համբուրեմ քեզ, դու իմ ընկերուհուս բարեկամն ես,— ասաց Սալոմեն գրկելով Մարջանին։— Թո՛ղ չգնա այդպես շուտ,— դարձավ նա դեպի Զեյնաբ-խանումը,— մի փոքր սառը միրգ ուտե, սիրտը հովացնե, արեգակն այրում է դրսումը։

— Կուշանա, Սալոմե,— պատասխանեց աղախնի տիրուհին: