Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանջել թե պահած փող կունենա, հանե տա։ Խեղճ մայրս աղաչում էր, լաց էր լինում, բոլոր սուրբերի անունով երդում էր ուտում, թե փող չունի։ Նրանք չէին հավատում։ հետո Սոսիկոյին խլեցին մորս գրկիցը: «Տես էդ երեխիդ կմորթենք, թե փողերի տեղը ցույց չտաս»։ Մերս էլի սկսեց աղաչել, որ երեխին ձեռը չտան։ «Աստված է վկա, ասում էր, մենք աղքատ ենք, փող չունենք»։— «Դու խաբում ես, անզգամ, գոռաց մինը, տե՛ս»։ Ու էդ խոսքի հետ Սոսիկոյին զարկեց գետինը։ Խեղճ երեխի գլուխը դիպավ քարին, մի ծպտուն էլ չհանեց, հոգին տվավ։ Մայրս հենց էս որ տեսավ, ուշքից գնաց, վեր ընկավ։ Անողորմները տեսան նրա մատների մատանիներն, ուզեցին հանել, բայց դժվար էին դուրս գալիս: Նրանցից մինը խանջարը հանեց և մատները կտրեց։ Ա՜խ, ինչպիսի սարսափով էդ բոլորը տեսնում էի ես սարդափի պատուհանիցը...

Զեյնաբ-խանումը խորին տխրությամբ լսում էր այդ բոլորը, սրտի կրակիցը կարծես ցամաքել էին աչքերի արտասուքը։ Սալոմեի պատմությունը հիշեցնում էր նրան այն անբախտ դեպքն, որին ինքն էլ վիճակակից էր։ Նա ընդհատեց նրա խոսքր, հարցնելով.

— Բա՛, դու ի՞նչպես ընկար նրանց ձեռքում։

— Հետո նրանց աչքն ընկավ սարդափի դռանը։ «Էստեղ մի բան կըլնի թաքցրած», ասացին մեկ-մեկու։ Սարդափի դուռը կոտորելն ու ներս մտնելն մեկ րոպեի գործ եղավ։ «Ա՜յ, ղանջըղ, տես ո՛րտեղ է մտել», ասացին ու ինձ դուրս քաշեցին։ Ես ոչինչ չհասկացա, թե ինչ պատահեց ինձ հետ, ո՞ւր տարան ինձ, բայց հենց որ ուշքի եկա, տեսա, որ ես կապված եմ մի էշի վրա և գտնվում եմ գերիների ահագին քարավանի մեջ։ Հիմա էլ մարմինս սարսռում է, մազերս փուշ-փուշ են դառնում, երբ միտս եմ բերում էն ցավալի րոպեն։ Ես տեսա, սիրուն աղջիկներն ու տղերքը, որ ղոշունի (զորքի) աստիճանավորներին էին պատկանում, կապված էին ուղտերի և ձիաների վրա, բայց հասարակ սարվազների գերիները բոբլիկ ոտքով, ամեն մի զինվոր թոկը նրանց թևքերիցը կապած, քարշ էր տալիս յուր ետևից։ Բայց իրանց չորքոտանիների վրա նրանք բարձեք էին այն թալանը, որ կողոպտել էին մեր քաղաքից։ Գերիների լացը, սուգը, նրանց ողորմելի աղաղակը, սարվազների անգութ շալլախի (մտրակի) ձայնն, այդ բոլորը խառնվում էին գրաստների հարա-հրոցի հետ։

— Բայց ի՞նչպես ես չտեսա քեզ, Սալոմե։

— Դու շատ բան չտեսար, սիրելի Ալմաստ, դու բախտավոր