Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էիր մեզանից։ Քեզ տանում էին մի ջորու վրա կապած քաջաֆեի (պատգարակի) մեջ։ Որովհետև դու գնդապետի դերին էիր:

— Մին էլ, մենք անցանք հետևակ զորքից մի քանի օրով առաջ:

— էդպես է, իմ սիրեկան,— հառաջ տարավ Սալոմեն յուր պատմությունը։— Երբ գիշերր վրա հասավ (էդ առաջին գիշերն էր, որ մենք դուրս էինք եկել քաղաքից) ղոշունը իջևանեց մեկ նեղ դաշտի մեջ, որ մոտ էր Քռի ափին ու մեկ կողմը սարեր կային։ Ի՞նչ սարսափելի գիշեր էր այն...։ Երբ մութը պատեց, երբ զինվորների կրակները վառվեցան, ամեն ձորի միջից, ամեն քարի տակից, ամեն թուփի միջից լսվում էին ողորմելի ձայներ։ Դրանք անմեղ կույսերի մրմունջներն էին, որոնց անողորմ գազանները բաժանում էին իրանց մեջ։ Հերթը հասավ ինձ։ Դու հիշո՞ւմ ես, Ալմաստ, որ ես ասեցի, թե ինձ գերի անողներն երկու հոգի էին։ Նրանց մեջ վեճ բացվեցավ իմ մասին ու վճռեցին իմ վրա վիճակ ձգել։ Վիճակը դուրս եկավ նրան, որ սպանեց Սոսիկոյին ու մորս մատները կտրեց։ Ա՜խ, որքան ատում էի ես այդ գազանին։ Բայց էն մյուսն, որ ավելի բարեսիրտ էր երևում, չբավականացավ վիճակով։ Նրանց մեջ սկսվեց կռիվը։ Խենջարները շողացին, իմ ատելին գլորվեցավ գետին։ Ես մնացի զոհ մեկէլին։ Դա իմ այժմյան ամուսինն է, սիրելի Ալմաստ։

— Քո այժմյան ամուսինը,— կրկնեց Զեյնաբ-խանումը շփոթվելով։

— Այո՛,— պատասխանեց Սալոմեն տխուր ձայնով։

— Ի՞նչով է պարապվում։

— Նա ավազակ է։

Զեյնաբ-խանումը սոսկաց, նրա ամբողջ մարմնի մեջ դող ընկավ։

— Ավազա՛կ... անբա՛խտ Սալոմե, ուրեմն դու ավազակի կին ես և ես այս րոպեիս ավազակի տան մեջն եմ... Սալոմեն սկսեց հանգստացնել նրան ասելով.

— Մի վախիր, Ալմաստ ջան, այդ տնակն, որ միշտ վառոդի հոտ է փչում, ավելի ապահով է քան մեծ մուշտեիդի ապարանքը, ուր միշտ ղորանի ձայնն է լսվում։

— Բայց դու ասեցիր նա ավազակ է։

— Այո, ավազակ է, նա սպանում է, կողոպտում է, նա այս րոպեիս էլ գնացել է յուր որսն որսալու։ Բայց երբեք նա աղքատի հացը չէ խլել և խեղճի աչքերից արտասուք չէ քամել։