Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եվ դու սիրո՞ւմ ես նրան։

— Սիրում եմ, Ալմաստ ջան, որովհետև նա իմ աչքի առջև մորթեց այն գազանին, որ սպանեց իմ եղբայրը և կտրեց մորս մատները:

Ջեյնաբ-խանումը տակավին մտատանջության մեջ էր: Նա երևակայել անգամ չէր կարողանում, թե մի ավազակ կարող էր լավ հատկություններ ունենալ: Իսկ Սալոմեն բոլորովին դուրս բերավ նրան այդ երկբայությունից։

— Նա յուրյան ապաստանած կնկան քույր է կոչում, Ալմաստ ջան, իսկ յուր ձեռքը բռնող թշնամուն-եղբայր։ Նա յուր սուրը և ձեռքը չէ խնայում օգնել նրանց, ովքեր ապավինում են նրան։

Այդ խոսքերի միջոցին մերձակա սենյակից լսելի եղավ.— «ջո՛ւր, այրվում եմ»...

— Խեղճը ծարավ է,— ասաց Սալոմեն և վազեց դուրս։

Երբ նա դարձավ, Զեյնաբ-խանումը հարցրուց.

— Ո՞վ է նա։

Ամուսնիս ընկերներից մինն, ողորմելին սաստիկ վերք է ստացած գլխից և կուրծքիցը։

Դռան ձայնը լսվեց։ Սալոմեն գնաց բաց արավ։

Հայտնվեցավ Քերիմ-բեկը։

ԺԲ

Նույն ավուր երեկոյան պահուն, երբ արեգակը տակավին յուր վերջին ճառագայթները խաղացնում էր Դեմավենդի գագաթի վրա, Շահ-Աբդուլաիզմի դերվազեից ներս մտան մի խումբ հրացաններով և նիզակներով զինվորված ձիավորներ։ Լղարիկ բարակները, լայնականջյա գամփռները, փոքրիկ կատվանման թուլաները, հոգնած լեզուները քարշ գցած, վազ էին տալիս նրանց առջև։ Բազեները, որոնք անհոգ կերպով նստած էին ձիավորների ձեռքի վրա, ցույց էին տալիս, թե այդ հեծելախումբը դառնում էր որսորդությունից։ Եվ հիրավի, զանազան թռչուններով լիքը արյունոտ տոպրակները և մի եղջերու, որ բեռնած էր ջորու վրա, հաստատում էր այդ կարծիքը։ Փոշին թանձր սյուներով բարձրանում Էր այն փողոցներից, որտեղից անցնում էին նրանք։ Նստած մարդիկը կանգնում էին և նրանց գլուխ էին տալիս։ Անցորդը հետ էր քաշվում, կանգնեցնում էր յուր գրաստը և ճանապարհ էր բաց անում, իսկ կանայքը թաքնվում էին անկյուններում: