Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ձեր մեծության հովանավորության շնորհն, երբ յուր աղա խիններից պակասում է, անկարելի է, որ մի չարիք չհանդիպե տե՛ր իմ։

Իշխանի դեմքն այլայլվեցավ։

— Ի՞նչ կա, շուտ ասա՛, ծերուկ,— կոչեց նա մի փոքր բարկացոտ ձայնով:

Ներքինապետն, որ բոլոր մարմնով դողում էր և հազիվ էր կարողանում յուրյան ոտքի վրա պահել, ասաց.

— Հարեմներից մինը տանջվում է ջիններից։

— Հանուն գթած և ողորմած ալլահի...: Նզո՜վք շեյթանին.... — բացականչեց իշխանը սարսափելով։— Այդ ո՞րն է,— անհամբերությամբ հարցրուց նա։

— Գուրջիստանցի խանումը, տեր իմ։

— Զեյնաբը։ Նրա տե՜ղն է...— պատասխանեց իշխանը լի բարկությամբ։— Այդ կամակոր գյավուրի աղջիկը մի անդամ ևս յուր կյանքումն նամազ չէ արել։ Նրա տե՜ղն է, թո՛ղ այժմ յուր անհավատության վարձը ստանա... թո՛ղ ջինները տանջեն նրան...

— Ձեր ծառան հրավիրեց մի պառավ կին, տեր իմ,— հառաջ տարավ ծերունին երկչոտ ձայնով։ — Նա զորավոր կախարդներից մինն է, նա իշխում է ոգիների վրա։ Կախարդը մեծ մասամբ հալածեց ջիններին, այժմ խանումը փոքր-ինչ հանգիստ է։

Իշխանի վրդովմունքը մի փոքր հանդարտեց։

— Գնա՛, Հեյդար, դու ասա Զեյնաբին ես ուզում եմ նրան տեսնել,— հրամայեց նա։

— Դժբախտաբար ձեր աղախինը չէ կարող վայելել յար տիրոջ մի այդպիսի շնորհը։

— Ինչո՞ւ։

— Կախարդը հրամայել է նրան յուր սենյակումը փակված` մնալ, մինչև քառասուն օր չիլա մտնել և ադամորդու երեսը չտեսնել։ Այդ քառասուն օրումը խանումն յոթն անգամ ղորանը պետք է ծայրեիծայր կարդա և ամեն օր յոթն անգամ նամազ անե, մինչև չար ոգիները բոլորովին հեռանան նրանից։

— Ուրեմն ես չե՞մ կարող տեսնել նրան։

— Վտանգավոր է մտնել նրա մոտ, տե՛ր իմ։

Սույն միջոցին Զեյնաբ-խանումի բակից լսելի եղան զանազան սարսափելի ձայներ։

— Լսեցեք, տեր իմ, լսեցե՛ք, ահա ջինները սկսեցին յուրյանց դիվական հարսանիքը: