Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենափառավոր հագուստով զարդարվելու համար... Հա՛, այդպես չէ՞։

Խանումն այդ խոսքերին պատասխանեց մի քաղցրիկ ժպիտով:

— Բայց ի՞նչու խեղճ բանաստեղծի խուցը գալու ժամանակ չես պատրաստվում դու,— հառաջ տարավ երիտասարդը։— Մի՞թե մտածում ես, որ քո քիշմիրյան լաթերը կաղտոտվին սենյակի փոշիների մեջ։

— Նրա համար, որ դու էդպես էլ սիրում ես ինձ,— պատասխանեց խանումը և յուր ձեռքը նազելով երիտասարդի ուսին դրեց:

Միրզա-Շաֆին գրկեց յուր սիրուհին և նստեցրուց յուր մոտ:

— Այդ ուղիղ է, հոգիկս,— խոսեց նա,— հարեմական բռնակալները,— այդ հոտած, փտած իշխանները միայն,— ախորժում են յուրյանց անբախտ զոհերը միշտ խայտաճամուկ կեղևի մեջ տեսնել։ Իսկ Շաֆին սիրում է այդ կրակոտ աչերը, այդ աղեղնաձև հոնքերը տեսնել յուրյանց բնական գեղեցկության մեջ։


Այդ խոսքերին հաջորդեց մի ջերմ, սիրաբորբոք համբույր։

— Լսի՛ր, Բագիմ,— հառաջ տարավ երիտասարդն ավելի ծանր կերպով,— երդվում եմ այդ գանգրահեր զուլֆերովդ (խոպոպիք), որ շուտով այդ անպիտանների դարը կանցնի։ Մեծ «Բաբի» վարդապետությունը կտիրե մեր աշխարհին։ Ապագան մերն է։ Այն ժամանակ այդ իշխաններն, այդ խաներն, այդ բեկերն, այդ վնասակար արարածներն այլևս չեն կարող ժողովրդի արյունը ծծելով պարարտացնել իրանց փորը։ Այլևս չեն կարող դիզել յուրյանց պալատներում երկրի հարստությունը և լցնել յուրյանց հարեմխանան մեր աշխարհի ամենագեղեցիկ աղջիկներով...։

Այդ խոսքերն արտասանելու միջոցին երիտասարդը այնպես գրավվեցավ յուր մտքերով, կարծես թե, մոռացավ յուր սիրուհին, որ գրկումն էր։ Նա շարունակեց.

— Թո՛ղ առժամանակ ևս խեղճ Շաֆին, գիշերները քաղցած փորով, յուր վերարկվի տակ կծկված, յուր սառը ծնկները գրկած, միայնակ քնե այդ խոնավ սենյակի մեջ։ Բայց կգա օրը, երբ մենք կցրենք այդ անողորմ մեղուների բունը և նրանց քաղցրիկ մթերքը մեզ կերակուր կշինենք...

— Չէ՛ որ, ես քեզ մենակ չեմ թողնում, Շաֆի ջան,— երիտասարդի խոսքը կտրեց իշխանուհին հրապուրիչ ձայնով:

— Գողությունը միշտ զզվելի բան է,— պատասխանեց երիտասարդը։— Ահա՛ սպասում է Սալմանը, գնա՛, և դու մի րոպեից հետո իմը չես։ Գնա՛, սիրելի Բագիմ, ես չեմ ուշացնի քեզ, գնա՛