Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստվի՛ր, զարդարվի՛ր, քո բռնակալն այս գիշեր քեզ մոտ շնորհ ունե: Բայց երբ կգա կնոջ ազատ իրավունքը, դու այլևս ստիպված չես լինի շողոքորթել մի «գազանի» անասնական կրքերին... իսկ առայժմ պետք է համբերես, Բագիմ, որովհետև դու ստրուկ ես...

Տիկինը լի համակրական զգացմունքով՝ յուր վարդի կոկոնի նման շրթունքը հպեցրուց երիտասարդի ճակատին և վեր կացավ։ Նա պատրաստվում էր գնալ, բայց Միրզա-Շաֆին կանգնեցրեց նրան:

— Սպասի՛ր, գիշերը շատ մութն է, քաղաքի սրիկաները քաղցած գայլերի նման՝ այժմ պտտում են փողոցներում։ Սպ՛ասիր, ես քեզ հետ գամ։

— Դու մնա՛ տանը, Շաֆի, մի փոքր հանգստացիր, դու շատ վրդովված ես,— ասաց տիկինը։

— Ես կհասցնեմ քեզ մինչև ամրոցը։

Նրանք միասին դուրս ելան, յուրյանց հետ առնելով Սալմանին: Ամրոցի մոտ բաժանվեցան։ Բագիմ-խանումն երբ կամենում էր անցնել հարեմխանայի բակը դռնապանը հարցրուց նրան.

— Ո՞վ ես։

— Բագիմ-խանումի մոտ եմ գնում, նրա քրոջից նամակ եմ քերում,— եղավ պատասխանը։

— Գնացե՛ք։

ԺԴ

Միրզա-Շաֆին, բաժանվելով յուր սիրուհուց, մի քանի րոպե կանգնեց իշխանի ամրոցի մոտ, նա մտածում էր. «ո՛րքան անբախտ արարածներ իրանց սիրողների գրկիցը խլված, բանտարկվել են այդ վանդակի մեջ։ Եթե նրանց բոլորի արտասուքը միախառնվեին, այդ ահագին պարիսպները կխորտակվեին նրանց հոսանքի առջև»...

Նա կամենում էր հեռանալ, երբ մի նոր միտք հետ դարձրուց նրան։ «Չէ՛, մտնեմ իշխանի մոտ և մի քանի րոպե նրան զբաղեցնեմ դատարկախոսությամբ, մինչև նրա տիկինը կպատրաստվեր»... և նա ուղղեց յուր քայլերը դեպի ամրոցը։

Նա գտավ դիվանխանայի դահլիճներից մինը փառավոր կերպով զարդարված լալաներով և մարդանգիներով։