Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ես զարմանում եմ մի բանի վրա, ես գիտեի, որ քավության զոհերը մատուցվում են միայն սուրբ կենդանիներից, իսկ այդ մի նոր վարդապետություն է, որ շներից եղած զոհաբերությունը դարձյալ կարող էր սրբել մի հանցավորի մեղքերը...

Միրզա-Շաֆիի երգիծական սրախոսությունը բարձրացրուց ընդհանուր ծիծաղ։ Բայց որովհետև բոլորը սովոր էին նրա խոսքերին, այդ պատճառով իշխանն ամենևին չբարկացավ նրա նկատողության վրա և շարունակեց յուր խոսակցությունը, որ այնքան հետաքրքրական էր նրա հյուրերին։

— Իսկ այդ անգամին իմ Հադուդը — այդպես էր իշխանի նժույգի անունը— կատարյալ հրաշք գործեց։

— Ի՞նչպես,— հարց արին ամեն կողմից։

— Այս անգամ երկար մենք թափառում էինք Ս․․․ի դաշտերում և ձորերում, մի քանի կաքավներ և տատրակներ միայն գտանք։ Նոքարներս ամեն մինը մի կողմ ցրված էին։ Մին էլ հեռվից տեսա Աքպար սպահանցու հրացանի ծուխը բարձրացավ։ Բայց գնդակը չդիպավ նպատակին և եղջերուն սատանայի արագությամբ սկսավ վազել։ Ես Հադուդին բաց թողեցի էրեի վրա։ Քառորդ ժամու չափ իմ ձին և որսը վազում էին միևնույն ուղղությամբ։ Հանկարծ իմ առջև մի խոր ջրանցք, մինչև տասն արշին լայնությամբ։ Ես չկարողացա Հադուդիս գլուխը դարձնել, որովհետև նա չափազանց տաքացած էր։ Իմ աչքերիս առջևը սևացավ։ Մին էլ այն տեսա, ձին արծվի պես թռավ և ես գտնվում էի ջրանցքի մյուս ափումը։

— Մաշա՜լլա, մաշա՜լլա,— կոչեցին հյուրերը։

— Եղջերուն ընկավ ջրանցքի մեջ և մինչև կեսը թաղվեցավ լիլի մեջ։ Ես արձակեցի իմ կարաբինան և խոշոր կոտորակները անցան որսի ուղեղի միջից։

— Բայց դուք էլ մեծ քաջություն եք արել, իշխան,— գովաբանեցին հյուրերը։ — Ես այդ դեպքում ավելի պարտական եմ Հադուդին,— հառաջ տարավ իշխանը,— ճշմարիտ նա արժեր փրկանք լինել, այն գեղեցիկ օրիորդին... որ...

— Ի՞նչ օրիորդ,— հարցրուց հյուրերից մինը,— ձեր մեծությունը, կարծեմ, Հադուդին հինգ հարյուր թումանով գնեց։

— Դուք սխալվում եք, խան,— պատասխանեց իշխանը,— ձեր ասածը Ջեյրանն է, որ գնեցի բաղդադցի արաբից։ Հադուդը ինձ բերեց ծերունի Խալաֆ-բեկը՝ Մավրի թուրքմենների ցեղապետը: