Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկված թղթե գդակներ։ Այնպես թռչկոտում էին, չըրթիկ էին զարկում և պես-պես մասխարություններ էին անում։ Իսկ ավելի ծիծաղելի էին հայերը։ Նրանք դուրս էին բերել յուրյանց քահանաներին եկեղեցվո հագուստով և բոլոր պատկերներով ու խաչերով, որ այդ անօրենները գործ են ածում իրանց եկեղեցիներում։ Ես չկարողացա իմ ծիծաղը պահել, երբ տեսնում էի, պարսիկ լամուկերը մոտենում էին պատկերներին, ու սկսում էին նրանց առջև յուրյանց բերանը ծռմռել ու զանազան ծաղրական խոսքեր ասել, և կամ քեշիշներից (տերտերներից) հարցնում էին. քեշի՛շ, ինչու՞ ես խաչի ետևում փայտ անցուցել»[1]։

— Այդ շատ ծիծաղելի է,— ձայն տվեցին ամենքը հռհռալով, և հայտնեցին, որ իրանցից շատերը ներկա եղած են այդպիսի հանդեսների։

— Բայց օտար ազգերի կրոնական սրբությունները ծաղրածության առարկա շինել, այդ ո՛չ միայն խղճմտանքի ընդդեմ է, այլև աստծո,— մեջ մտավ Միրզա-Շաֆին։

Բայց իշխանը, նրան փոխանակ ուղղակի պատասխանելու՝ ասաց.

— Ավելի հաճելի կլինի մեզ, եթե այդ ունայն քարոզների տեղ, դու երգես մի երգ։

— Բոլորովին ուղիղ նկատեցիք, իշխան,— ավելացրեց խաներից մինը,— ուրեմն հրամայեցեք բերեն թառը, ես խնդրում եմ, որ Միրզա-Շաֆին ածե ևս։

Սույն միջոցին իշխանի մանկլավիկները ներս բերեցին արծաթյա մատուցարանների վրա դրած նախաճաշելիքներ, որոնց ընթրիքից առաջ սովորություն ունեն պարսիկները ուտելու և նրանց մոտ դրվեցան զանազան ղորանից արգելված ըմպելիքները։ Հյուրերը սկսեցին խմել և ուտել[2]։ Իսկ Միրզա-Շաֆին հնչեցրուց թառը և հանպատրաստից երգեց այս երգը։

  1. Պարսկաստանով այդ անպատիվ լրբությունը շարունակվում է մինչև այսօր։ Քաղաքների մահմեդական ժողովուրդն իրանց նորեկ գավառապետների զվարճությունը հագեցնելու համար ծաղրածության գործիք են ընտրում հրեաներին և քրիստոնյաներին։ Խ. Աբովյանը նկարագրում է յուր «Վերք Հայաստանիի» մեջ հայ կղերի մի այդպիսի եկեղեցական հանդիսակատարությունը Երևանի խաների առջև։ Երևում է այդ սովորությունը շատ հին ժամանակներից պարսից կրոնական հալածասիրության ծնունդ է։ Ծանոթ. հեղ.
  2. Պարսիկները սովորություն ունեն ընթրիքից առաջ հասարակ նախաճաշելիքներով խմել ոգելից ըմպելիքներ, որպիսի են՝ գինի, արաղ և այլն, Երբ բոլորովին արբենում են, հետո բերանները լվանում են և ուտում են ընթրիքը: Ծանոթ. հեղ.: