Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գաղափարական կապ կա պատմական այդ հետազոտության և վեպի միջև։ Րաֆֆին որոնել և գտել էր մինչև 18-րդ դարը ներառյալ իր գոյությունը շարունակած հայ անկախ պետականության հետքերը։ Եվ, հանձին Դավիթ֊բեկի ու նրա շարժման, նա հաստատում է այդ ազգային անկախ պետության համար մղվող պայքարի իդեան։

1722 թվականը հանգուցային նշանակություն ուներ Անդրկովկասի և Հայաստանի պատմության մեջ։ Պետրոս Ա-ը պետք է գար Անդրկովկաս, հայ֊վրաց միացյալ զինվորությունը Գանձակի դաշտում սպասում էր նրան, Հայաստանն ու Վրաստանը, հենվելով Ռուսաստանի օգնության վրա, ծրագրել էին վերջ տալ պարսկա-թուրքական լծին։ Պետրոսը ճանապարհից վերադառնում է հյուսիս՝ անհետաձգելի պետական հարցեր լուծելու համար։ Հայերն ու վրացիները սկսում են ազատագրական կռիվը՝ յուրաքանչյուրն իր հողի վրա։ Վեպն արտացոլում է հայերի պայքարը պարսկական լծի դեմ և Դավիթ֊բեկի պատմական թատերաբեմ հանդես գալը։

Վեպի առաջին գրքում ընթերցողը տեսնում է, թե ի՛նչ թշվառ վիճակի մեջ է Սյունյաց աշխարհն ու Զանգեզուրը։ Մելիք Ֆրանգյուլն ու Դավիթ ուրացողն անցել էին պարսից խանի դրոշի տակ, սոսկալի կերպով շահագործում էին հայ գյուղացուն։ Ավելի վատթար է հենց Ֆաթալի-խանի լուծը, մի խան, որը Րաֆֆու գրչի տակ երևան է եկել որպես օտարերկրյա բռնակալական ռեժիմը մարմնացնող, ընդհանրացված մի տիպ։ Հայ մելիքության ավելի հեռատես մասը հանձին Ստեփանոս Շահումյանի, հրահրում է ազատագրական պայքարը, որի ապագա ղեկավար Դավիթ֊բեկը պատանի հասակում փրկված լինելով կրակից, տարվել էր Վրաստան, այնտեղ գործում էր վրացիների բանակում, ամրացնում հայ-վրացական բարեկամությունը։

Վեպի երկրորդ գիրքը նվիրված է Վրաստանի նկարագրությանը։ Րաֆֆին նպատակ է ունեցել ներկայացնել ճորտատիրական Վրաստանի ընդհանուր պատկերը։ ճորտատիրական սիստեմն էլ ցայտուն նկարագիր է ստանում։ Րաֆֆին չէր սքողում երկրում տիրող դասակարգային ներքին հակասությունները։ Այս դեպքում ևս վիպասանը ֆեոդալիզմի թշնամին է։

Վեպի վերջին մասերը նվիրված են հայկական շարժմանը և Դավիթ֊բեկի հաղթանակին պարսիկ բռնակալության վրա։ Օտար լուծը տապալվում է, ստեղծվում է անկախ Հայաստան, որը, սակայն, ըստ պատմության, դեռևս պետք է պատերազմեր նաև թուրքական լծի դեմ։

Վեպում Ֆաթալի խանը օտար բռնակալության մարմնացումն է. պատկերելով նրան, Րաֆֆին ժխտում է նրան և օտար բռնակալությունն առհասարակ։ Հայ դավաճան մելիքների նկարագիրը ասում է նույնը, նրանք ևս ժխտվում են, Ժխտվում է օտարերկրյա բռնակալի հաստատած հարստահարության, բռնության, անազատության սիստեմը։ Այդ սիստեմի կործանմանն է ձգտում հայ ազատագրական շարժումը, Դավիթ-բեկը երդվում է կռվել հայրենիքի ազատության համար, երդվում է «հայ շինականի խրճիթի օջախով, որ հանգած էր բռնակալի ձեռքով, երդվում էր հայ կնոջ և հայ աղջկա պատվով, որ բռնաբարված էր մահմեդականի կրքերով, երդվում էր հայ երկրագործի արորով և քրտինքով, որոնց վաստակը հարստահարվում էր...»։

Դավիթ-բեկը, ըստ Րաֆֆու, և՛ հումանիստ է, և՛ ազգային հերոս, քաջազնական ոգու տեր զորավար, հայրենասեր, պետական մտածող։ Հերոսական է