Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Եվ իսկ այս գիշեր ամրոցի հուրին
«Զվարճանում էր աշուղի գրկում —
«Որ թռիչք տվեց սրտի դարդերին...
«Որ ձեզի համար այդ երգն է երգում.․․»


— «Նա» ինձ է երգում...— մտածեց տիկինը լի քաղցրիկ վրդովմունքով և թեքվեցավ փենջարեի հենարանի վրա։

— Գիտե՞ք, խանում, ով է երգում,— հարցրուց Ֆերուզը, որ կանգնած հետազոտում էր յուր տիկնոջ երեսի փոփոխական գծերը։

— Գիտեմ...— պատասխանեց տիկինը տխուր ձայնով։

— «Նա» նրա համար է երգում, որ դուք լսեք։

Տիկինը ոչինչ չպատասխանեց։ նա երկար ականջ էր դնում, բայց երգը լռել էր արդեն։

— Իշխանը այս գիշեր ձեզ մոտ կլինի,— խոսեց աղախինը։

— Գիտեմ։

— Ի՞նչ պատրաստել։

— Ինչ ուզում ես պատրաստի՛ր, Ֆերուզ, ինձանից մի՛ հարցրու, իմ գլուխն իմս չէ...

Աղախինը, նկատելով տիկնոջ վշտահար դեմքը, հեռացավ։

Բագիմ-խանումը հեռացավ լուսամուտից, մոտեցավ հայելուն, երկար նայում էր յուր վրա, կարծես, սիրահարված լիներ իրանով։ «Եթե այդպես տեսներ ինձ Շաֆին...», ասում էր նա ինքն իրան։

Նրա մտածությունները շփոթեց մի ձայն։— Բախտավոր, զարդարվի՛ր... ուրախացի՛ր... հիմա իշխանը կգա։

Տիկինը հետ նայեց, տեսավ հարեմներից մինը՝ գեղեցիկ Ջեյրան-խանումին։

— Նախանձու՞մ ես, Ջեյրան,— դարձավ նա դեպի յուր այցելուհին ակամա ժպիտով։

— Թո՛ղ իմ աչքը կույր լինի, եթե նախանձեմ,— պատասխանեց եկվորը մոտենալով։

— Բա՛ ի՞նչ ես ասում։

— Հանաք եմ անում, Բագիմ։

— Նստի՛ր, հոգիս, նստի՛ր, մի քիչ խոսենք, ես այսօր շատ տխուր եմ...

Նրանք նստեցին միմյանց մոտ։

— Դու պետք է ուրախ լինես, Բագիմ, այսօր «նրա» մոտ էիր,— պատասխանեց Ջեյրան-խանումը ծիծաղելով։