Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ եղել է թարգման ճնշված, հաղթահարված և մինչև ստրկության հասած սրտի...

Մտնելով յուր հարեմի սենյակը, իշխանն յուր սովորական հպարտությամբ գնաց, նստեց յուր համար հատուկ պատրաստած փափուկ օթոցի վրա և մեջքը տվեց թանկագին բարձերին։ Կինը նստեց նրա մոտ և նազելով թեքվեց դեպի նա, յուր հինայով ներկած ձեռքը դրեց ամուսնի ափի մեջ։

— Ի՞նչպես է քո առողջությունը,— հարցրուց իշխանը, ծանրությամբ։

— Ձեր շնորհը աղախնիդ համար կյանք է, ձեր ամեն մի ժպիտը նրան հավիտյան անմահություն կբախշե,— պատասխանեց կինն ասիական գեղեցկախոսությամբ։

— Այդ պատճառով էլ ես քեզ մոտ եկա։

— Ձեր գալուստն այնքան բերկրալի է, որպես ամառնային անձրևն յուր մարգարիտները սփռում է ծարաված երկրի վրա...[1]։

— Մի՞թե դու այդքան սիրում ես ինձ։

— Թո՛ղ վկա լինեն երկնքի հրեշտակները, որ ոչ մի ծաղիկ յուր գեղեցկությամբ իմ աչքը չէ գրավում, երբ «սիրականիս» դեմքը չէ այն, և ոչ մի թռչուն յուր երգերով ինձ չէ ուրախացնում, երբ «սիրականիս» ձայնը չէ այն։

Գուցե Բագիմ-խանումի խոսքը մի այլ «սիրականի» մասին էր, բայց իշխանը, բոլորովին իրան վերաբերելով, ասաց.

— Միթե սերն այդքան քաղցր է քեզ համար։

— Ավելի քան «կենդանության ջուրը»։

Սույն միջոցին իշխանը թևքը փաթաթեց տիկնոջ պարանոցով և նրա շրթունքը սեղմվեցան յուր գեղեցիկ հարեմի թշի վրա։

— Դու ավելի անուշահոտ ես, քան թե ջեննաթի վարդերը,— կոչեց իշխանն յուր հրապուրանքի քաղցրության մեջ։

— Վարդն ավելի զվարթանում է, երբ վաղորդյան ցողը փայլում է նրա թերթերի վրա...— այդ քո սերն է, թանկագին ամուսին,— պատասխանեց տիկինը։

Մի քանի այդպիսի խոսակցություններից հետո Բագիմ-խանումը

  1. Գուցե ընթերցողին անհավատալի կլինի մի այդպիսի փաղաքշական խոսակցության ձևն այր և կնոջ մեջ, որ բոլորովին զուրկ է ընտանեկան պարզությունից։ Բայց արևելքի բարձր շրջաններում, ուր կինն ուրիշ բան չէ, եթե ոչ ամուսնու զվարճություններին մի գործիք, համարյա սովորական է այդ։ Հին շահերից մինը, որ ուներ բանաստեղծական զգացմունքներ, յուր հարեմներից մեկին ավելի էր սիրում, որ խոսում էր նրա հետ ոտանավորներով։ Ծանոթ. հեղ.: