Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեր կացավ, յուր ձեռքով պատրաստեց մի ղեյլան և մատուց ամուսնուն։ Ղեյլանի ծխաքարշը բոլորը զարդարած էր գույնզգույն ծաղիկներով։

Իշխանը սկսեց ծխել։ Ֆերուզը ներս մտավ և վայր թողեց օթյակի վարագույրները։ Քանի րոպեից հետո խավարը ծածկեց յուր պարկեշտ թևքերի տակ հարեմական իշխանի բոլոր սիրակցությունը...

Բայց Ջեյրան֊խանումը, դուրս գալով Բագիմ֊խանումի սենյակից, նրան հանդիպեց Խուրշիդ-խանումը, որի մասին կես ժամ առաջ խոսում էին երկու տիկինները։ Խուրշիդը, կատաղած առյուծի նման, միայնակ ման էր գաչիս հարեմխանայի բակումը։

— Ջեյրան, Ջեյրան,— կանչեց նա հեռվից։

Ջեյրանը կանգնեց։ Նա մոտ եկավ։

— Իմամ-Հուսեյնի գերեզմանին երդում լինի,— ասաց նա բարկացկոտ ձայնով,— եթե առավոտյան ես Բագիմի ծամերը մեկ-մեկ դուրս չքաշեմ...

— Ինչո՞ւ։ Գժվե՞լ ես,— հարցրուց Ջեյրանը զարմանալով։

— Նա համարձակվո՞ւմ է իմ հերթը խլել։

— Ի՞նչ հերթ։

— Իշխանն այս գիշեր ինձ մոտ պիտի լինե՞ր, թե նրա մոտ:

— Թող քեզ մոտ լիներ,— պատասխանեց Ջեյրանը սառնությամբ։— Բագիմը խո զոռով յուր մոտ չէ՛ տարել։

Խուրշիդն ավելի կատաղեցավ։

— Զոռով չէ՛, բա ի՞նչ է։ Նա չէ՞ր իմանում, որ հերթն իմն է։

— Նա ինչո՞վ իմանար։ Նա էյլմ֊ղեյբի[1] չգիտե,— հեգնորեն ասաց Ջեյրանը։

— Ես նրան կհասկացնեմ, թող առավոտը լուսանա...: Ես այն թուրքմենի քածին ցույց կտամ...

— Գնա՛, գնա՛, դու կռիվ ես պտրում,— ասաց Ջեյրանը հանդիմանական կերպով։— Եթե նա թուրքմեն է, դու էլ մութրուֆ (ցիգան) ես... մի շատ ազնիվ ցեղից չես...

Բոշա Հարեմի աչքերը վառվեցան բարկության կրակով: —Դու՛, անզգամ, պաշտպանո՞ւմ ես այն անառակին,— կոչեց նա հարձակվելով Ջեյրանի վրա։

— Անզգամն էլ, անառակն էլ դու ես...։

  1. Էյլմ-ղեյբի նշ. գիտություն աներևույթ բաների. գերբնական ուսումն: