Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ե՞ս... — ճչաց Խուրշիդը և երկու ձեռքով ձիգ ընկավ Ջեյրանի ծամերից։

— Վա՜յ... վա՜յ...— ձայն արձակեց Ջեյրանը և ինքն էլ փոխադարձաբար բռնեց Խուրջիդի ծամերից։

Երկար նրանք մեկ-մեկու քարշ էին տալիս, միմյանց աչքն ու երեսը ծվատում էին, երբ վրա հասավ ներքինապետը։

— Ամոթ է... խանումներ, այդ ի՞նչ խաբար է...— ասաց նա նրանց բաժանելով։

— Թող դրան խեղդեմ...— ասում էր Խուրշիդը, աշխատելով Հեյդարի ձեռքից դուրս պրծնել:

Բայց Ջեյրանն այլևս ուշադրություն չդարձրեց և խույս տվեց կռվի դաշտիցը։

ԺԷ

Մինչ ամրոցում անց էին կենում նախընթաց դեպքերը, Զեյնաբ-խանումը և Քերիմ֊բեկը, Սալոմեի տան մեջ, նստած միմյանց մոտ, իրենց սրտի գեղազվարճ բերկրության մեջ, ճաշակում էին սիրո քաղցրությունները...

Սալոմեն նրանց մոտ չէր, նա մյուս սենյակում յուր ամուսնու հիվանդ ընկերի վերքերին սպեղանիք էր դնում։

— Լսի՛ր, Ալմաստ,— հառաջ տարավ Քերիմ-բեկը ընդհատված խոսակցությունը,— մեր գերությունից հետո մեր հայրենիքում պատահել են մեծամեծ փոփոխություններ։ Վրաստանը վաղուց միացել է Ռուսաստանի հետ։ Այժմ վրացիք թագավորություն չունեն: Հիմա մեր Թիֆլիսը ռուսաց քաղաք է։ Ռուսներն ուզում են տիրել բոլոր Կավկազին, այժմ այնտեղ պատերազմ կա։

— Պատերա՜զմ...— կրկնեց սարսափելով. Ալմաստը։— էլի կոտորո՜ւմ են...։ Այդ դու ո՞րտեղից գիտես, Մեխակ։

— Այսօր վաղ առավոտյան Նաիբ-ուլ-Սալթանեի սուրհանդակը Թավրիզից այստեղ հասավ։ Նա եկել էր չորս օրում և բոլոր Պարսկաստանի համար բերել էր տխուր լուրեր։ Ռուսները հաղթում են և տիրում են պարսից խանություններին։ Բոլոր հայերն ոտքի են կանգնած, ուզում են ազատվիլ պարսից լծից։

Դեռ գտնվելով պատերազմական սարսափելի տպավորությունների տակ, Ալմաստը, լսելով այդ խոսքերը, բոլոր մարմնով դողում էր։ Նա հարցրուց անհամբերությամբ.