Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ռուսներն ո՞վքեր են։ Ա՛խ, ով գիտե նրանք էլ Մահմեդ խանի նման թալանում են... գերի են տանում...

Չէ՛, Ալմաստ,— հանգստացրուց նրան Քերիմ-բեկը, ռուսները մեզ նման քրիստոնյաներ են, նրանք գերի չեն առնում և պարսիկների նման չեն թալանում...

Նրանք մեր խաչը և պատկերները պաշտո՞ւմ են։

— Պաշտում են։

Ալմաստը մի փոքր սիրտ առավ, հանգստացավ։

— Ամբողջ Թեհրանն այսօր խռովության մեջ է,—շարունակեց Քերիմ-բեկը, շահը հրամայել է բոլոր զորապետներին հավաքել յուրյանց դոշունը։ Մեծ Մուշտեիդն առավոտյան դուրս եկավ մեչիդից քաղաքի հրապարակը, քարոզեց ջըհաթ[1] անել իրանց կրոնակիցներին օգնելու համար։

— Այդ լավ չելավ մեզ համար...— ասաց Ալմաստը հուսահատ կերպով։

— Դու չես հասկանում, Ալմաստ, շատ լավ էլավ։

— Ի՞նչպես։

— Որպես քո ամուսին իշխանը, նույնպես իմ տերը— Սեր-Ասքերը՝ երկուսն էլ մեծ զորապետներ են, նրանց հրամայված է գնալ պատերազմ։ Մենք երկուսս էլ ազատված կլինենք։

— Ո՞րպես։

— Այնպես որ, եթե մենք թողնենք այդ քաղաքը և հեռանանք այստեղից, էլ նրանք չեն կարող մեր ետևից ընկնել։

— Ինչո՞ւ։

— Նրա համար, որ նրանք զբաղված կլինեն յուրյանց պատերազմական գործերով։ Նրանք այստեղ չեն լինի։

Ալմաստի հուսահատ դեմքը զվարթացավ ուրախության լուսով, և նա հարցրուց անհամբերությամբ.

— Բա՛, ինչո՞ւ ենք ուշանում։

— Գնանք, Ալմաստ, չուշանանք, ամեն մի րոպեն թանկ է մեզ համար,— խոսեց Քերիմ-բեկն ոգևորված կերպով։— Գնա՛նք, մեր վրեժն առնենք այն ազգից, որոնք թափեցին մեր հոր, մեր մոր ու մեր ազգականների արյունը...

— Եվ այդքան տանջեցին մեզ...— հարեց Ալմաստը։

Սույն միջոցին երիտասարդի դեմքն ընդունեց խիստ վշտահար

  1. Ջըհաթ նշանակում է ընդհանրական զինվորություն: Կրոնական պարտավորություն է մուսուլմաններին ջրհաթ կազմել, երբ վտանգ կա կրոնքի կամ պետության դեմ: