Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա կերպարը, հերոս է նրա մարդկանցից յուրաքանչյուրը, հերոս են այդ շարժման գաղափարական ոգին ներկայացնող Շահումյանը և Բաթման-ղլիճ Բայինդուրը, Մխիթար սպարապետը, Թորոս իշխանը, ամեն մի զինվոր։ Հերոսականությունը վեպի ընդհանուր և տիրապետող բնավորությունն է ու կիրքը։

«Դավիթ֊բեկ» վեպի էջերում նկարագրված շարժումն ունի իր գաղափարախոսությունը։ Գլխավոր հերոսը, Ստեփանոս Շահումյանը, Ներսես արքեպիսկոպոսը շարժման խնդիրներն ու նպատակներն, ամենից առաջ, տեսնում են Հայաստանի ազատագրության մեջ օտար բռնակալության լծից։ Նրանք, շարժման ղեկավարները, նաև վեպի հեղինակը, բողոքում են բռնության ու անարդարության դեմ, ընդվզում են ընդդեմ այն կարգերի, որ Հայաստանի հողի վրա ստեղծել էին նվաճողները։ Ազատագրական կռվի խնդիրն էր պահպանել բնիկ ժողովրդի կյանքը, պահպանել գյուղացու ընտանիքը, կայքը, հայ ժողովրդի ազգային սրբությունները, լեզուն։ Կռվել ոչնչացման առաջն առնելու համար, կռվել անկախության համար։ Շարժումը չէր ժխտում սեփականության իրավունքը, չէր ժխտում և կրոնը, միայն թե նրանից պահանջվում էր չհակառակել շարժմանը, այլև նպաստել ազատագրական իդեալների իրականացմանը։

Րաֆֆին վեպում ստեղծում է հերոս-անհատների, մեծ ու խոշոր անհատների կերպարներ, որոնք դնում են ժողովրդի հետ հերոսի-ղեկավարի միասնության հարցը, օրինակ բերելով Վարդան Մամիկոնյանին, վերջինիս մեջ տեսնելով իրեն՝ ժողովրդին։ Վեպում, Վարդանի կարծեցյալ դագաղի վրա, երդում է տրվում հավատարիմ մնալ նրա հիշատակին և լինել այնպես անձնազոհ, ինչպես անձնազոհ էր հայտնի հայրենասերն ու զորավարը։

Վեպը քարոզում է հայրենասիրության գաղափարը և այն միտքը, որ հայրենիքի ազատության համար մղված պատերազմը սուրբ պատերազմ է, իսկ նրան զոհված զինվորի մահը - փառավոր մահ։

Րաֆֆին ընթերցողին բերում է այն համոզմանը, որ խանի բռնակալությունը, առհասարակ բռնության իշխանությունը գնում է դեպի կործանում։ Բռնությունը կռվաններ չունի իր գոյությունը պահպանելու և պաշտպանելու համար։ Խանի իշխանությունը խորտակվում է, իսկ ինքը բռնակալը նետվում է աղբակույտը։ «Դրա մեջ է բուն կատակը, անցքերի հետաքրքիր խաղը»,- հեգնանքով նկատում է վիպասանը։

«Դավիթ-բեկ» վեպը հարուստ է նկարագրություններով, գործողություններով. Զևու բերդի պաշարումն ու առումն վեպի արդեն իսկ մի գրքի նյութ է դարձել։ Րաֆֆին տվել է դրական հերոսների կերպարների մի ամբողջ պատկերասրահ, կերպարներ, որոնցից յուրաքանչյուրը մարմնավորում է իր մեջ ազգային ազատագրության գաղափարը։

Վիպասանի առաջ կանգնած էր հենց այդպիսի նոր կերպարներ կերտելու, ամենից առաջ մեծ հայրենասերների բնավորություններ պատկերելու խնդիրը։ Այդ նպատակով էր գրված նաև «Պարույր Հայկազնը»։

18-րդ դարից Րաֆֆին անցնում է 4-րդ դար։ «Պարույր Հայկազնում» որպես անախրոնիզմ է հնչում Պարույրի և Խորենացու ժամանակների մոտեցումը, բայց վիպասանը դրան կարևորություն չի տալիս։ Կարևորը նրա գաղափարական նպատակադրումն է, պայքարը ցարիզմի ազգահալած քաղաքականության և սուլթանի հայ ժողովրդի ոչնչացման դիվային ծրագրի դեմ։