Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խտտել էր յուր գրկում, չէր կամենում բաց թողնել: Հայրս աղաչում էր, պաղատում էր, որ մեզ չտանեն։ Նրանք չեն լսում։ Երբ տեսավ ուրիշ ճար չկա, հայրս առավ խենջարը։ «Քանի կենդանի եմ,— ասաց նա,— երեխերքս ձեզ չեմ տա»։ Դու գիտես, Ալմաստ, հայրս քաջ մարդ էր։ Էրեկլե պարոնը շատ էր սիրում նրան: Նա պարոնի առաջին որսորդն էր։ Պարսիկների սուրերը փայլեցին: Հայրս կռվում էր ինչպես մի առյուծ, որի բունից խլում են ձագերը...։ Պարսիկներից երեքն ընկած էին, երբ հայրս տասը տեղից վերք ստանալով թուլացավ...։ Ա՜խ, ի՛նչ բան է սիրելի հոր և մոր սիրտը...։ Դու գիտես, Ալմաստ, թե ո՛րքան փափկասիրտ և բարի կին էր իմ մայրը։ Բայց այն սարսափելի րոպեին, երբ նրա աչքի առջև ընկած էր յուր տղամարդի արյունով ներկված դիակը, նրա սիրտը կարծես երկաթի պնդություն էր ստացել։ Կատաղած առյուծի նման, նա երկար կռվում էր պարսիկների հետ և յուր թևքերի տակից չէր ուզում բաց թողնել յուր զավակները... մինչև խենջարը ցցվեցավ նրա սրտում, աչքերը փակեց և մեզ խլեցին մայրական գրկից...

Տխրության ամպերը կուտակվեցավ Քերիմ-բեկի վշտահար դեմքի վրա, արտասուքը խեղդեց նրան և ձայնը սկսեց դողալ։ նա ընդհատեց յուր պատմությունը։ Ալմաստը բոլոր ժամանակը լաց էր լինում։

Երբ երիտասարդը մի փոքր հանգստացավ յուր ցավալի վրդովմունքից, շարունակեց.

— Այդ դեռ բոլորը չէ, սիրելի Ալմաստ, քրոջս վրա կռիվ եղավ, երկու զինվորներից ամեն մինն ուզում էր նրան ինքը վեր առնել։ Մինը, որ աստիճանով ավելի մեծ էր, գործ դրեց յուր բռնությունը և խլեց մյուսի ձեռքից։ Բայց այդ վերջինը կատաղած գազանի նման քաշեց սուրը և խրեց քրոջս կողքը... «Թո՛ղ մեռնի՛ այդ գեղեցիկ աղջիկը, ոչ իմը լինի և ոչ քոնը»...— ասաց նա դիվական հրճվանքով։

— Եվ նա մեռա՞վ...— կոչեց Ալմաստը սոսկալով։

— Մեռա՜վ... սիրելի Ալմաստ։

— Խե՜ղճ Նինո, ես կարծում էի թե նա Թիֆլիսումն է մնացել: Բայց ի՞նչպես ընկար դու Սեր֊Ասքերի ձեռքը,— հարցրուց Ալմաստը արտասուքը սրբելով։

— Երբ ղոշունը Թիֆլիսից դուրս եկավ, բաժանվեցավ զանազան գունդերի։ Ես գերի էի մի ծեր զինվորի, որ գտնվում էր Սեր-Ասքերի մոտ մնացած զորախումբի մեջ։ Դու չգիտես, Ալմաստ