Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջան, թե ի՛նչ մարդկանցից կազմված էր Աղա-Մահմադխանի ղոշունի մեծ մասը։ Պարսկաստանի ամեն կողմերից բախտախնդիր ավազակներ հավաքվել էին նրա մոտ։ Առանց ռոճիկի և առանց թոշակի նրանք հույս էին դրել միայն կողոպուտների վրա։ Ճանապարհին նրանք ուտելու հաց անգամ չունեին, հարձակվում էին հանդիպած հայաբնակ գյուղերի վրա և ինչ որ գտնում էին, բոլորը թալանում էին։ Այդպես նրանք մտան Պարսկաստան։ Այնուհետև, Աղա-Մահմադ-խանը հրամայեց, որ պարսից գյուղորայքին չդիպչեն։ Բայց մինչև Թեհրան հասնելը դեռ երկար ճանապարհ կար։ Զինվորները սկսեցին վաճառել իրանց կողոպուտր և գերիները։ Մի հատ ոչխարն ավելի բարձր գին ուներ, քան թե մի վրացի կամ հայի աղջիկը։ Նրանք ծախում էին պարսիկներին, այնպես որ, մինչև Թեհրան հասնելը գերիների կեսը չմնաց։ Իմ գերեվար զինվորը սպառեց յուր իրեղենները, միակ վաճառքի ապրանքը մնացել էի ես։ Բայց նա չէր ուզում ինձանից զրկվել, զավակ չուներ։ «Քեզ կթուրքացնեմ, ինձ որդի կշինեմ,— ասում էր նա»։ Մի օր նա գնաց Սեր-Ասքերի մոտ, «ուտելու հաց չունեմ, ասաց, ավանակս, մինչև անգամ հրացանս ծախեցի, մնում է գերիս»։ Սեր-Ասքերի աչքին դյուր եկա ես, նա տվեց զինվորին տասը կրան[1] և գնեց ինձ։

—Տասը կրա՜ն...— կրկնեց Ալմաստը և նրա տխուր աչքերը շողացին աղոտափայլ լուսով։

ԺԸ

Արևը վաղուց մտել էր։ Դեռ Ալմաստը և Քերիմ-բեկը, մտաբերելով յուրյանց տխուր անցյալը, խոսում էին։ Մութ սենյակի մեջ բավականին թանձրացել էր, երբ Սալոմեն, ավարտելով յուր բժշկական գործողությունն ամուսնի ընկերի մոտ, ճրագը ձեռին ներս մտավ։

— Ա՜խ, աչքերս քոռանա, ես ձեզ բոլորովին խավարի մեջ եմ թողել,— կոչեց նա ափսոսելով։

— Մութի մեջ նստելն ավելի լավ էր,— խոսեց Քերիմ-բեկը,—մենք չէինք ուզում տեսնել մեկ-մեկու արտասուքը...

—Դուք լա՞ց էիք լինում...։ Ա՜խ, Ալմաստ, քանի անգամ քեզ ասել եմ՝ հերի՛ք խոսես անցած բաների վրա։

  1. Տասը կրանն է մոտավորապես երեք ոուբլի: