Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ալմաստը չէր խոսում, ես էի խոսում...— պատասխանեց Քերիմ-բեկը։

— Անցածն անցել է, Մեխակ ջան,— հառաջ տարավ Սալոմեն,— հիմա փառք տվեք աստծուն, որ դու և Ալմաստը կրկին մեկ-մեկու հանդիպեցաք։ Մտածեցեք Թիֆլիսի վրա, որ մեկ էլ նրան տեսնեք, մեկ էլ մեր Քուռի ջուրը խմեք։

— Մենք արդեն վճռեցինք այդ:

— Ա՜խ, ի՜նչ լավ կլիներ ինձ էլ ձեզ հետ տանեիք:

— Դու կթողնե՞ս քո ամուսինը։

— Չեմ թողնի Մեխակ ջան, ես նրան շատ եմ սիրում։

— Դու Թիֆլիսն էլ ես շատ սիրում։

— Սիրում եմ... Իսկի մտքիցս չէ գնում։

— Մարդդ էլ կտանենք, այնտեղ վանքումը կմկրտենք, նա քեզ չկարողացավ մահմեդական շինել, մենք նրան քրիստոնյա կանենք։ Մարդդ իմ խոսքիցը չի դուրս գալ։

— Ի՞նչ լավ կլինի։ Էրնե՜կ էն օրը...։ Երեխես էլ մկրտել կտամ:

Քանի ժամից հետո եղավ դռան թխկոցը։

— Ով գիտե նա է։ Եկավ,— ասաց Սալոմեն և դուրս վազեց:

Եվ իրավ, նույն միջոցին բակի դռնից ներս մտավ մի հսկայաձև տղամարդ փաթաթված մեշեդյան լայն վերարկուի մեջ։ Նրա մուգ-դեղնագույն դեմքը ստանում էր ավելի ահեղ արտահայտություն աջ թշի վրա խոր ընկած սպիով, որ ձգվում էր հոնքի ծայրից մինչև ծնոտքի վերջը:

Ղաֆար-բեկը— այդպես էր Սալոմեի ամուսնու անունը—յուր երկրի սովորություններին հարմար չուզեց Քերիմ-բեկի մոտ մտնել, երբ Սալոմեից իմացավ, թե այնտեղ կար օտար կին: Նա շտապեց դեպի այն սենյակը, ուր պառկած էր յուր հիվանդ ընկերը։

— Դու նամահրամ[1] չես,— լուսամուտից ձայն տվեց նրան Քերիմ-բեկը,—ինձ մոտ գտնվող տիկինը Սալոմեի քույրացուն է։

— Այս րոպեիս ձեր սպասումը կլինեմ,— պատասխանեց ավազակապետը և մտավ մի այլ սենյակ։

Կինը գնաց նրա հետ։ Նա ձգեց վերարկուն և երեվեցավ զինվորված ատրճանակներով, լայնաբերան կարաբինայով և ահագին խենջարով: Սալոմեն սկսեց արձակել նրա զենքերը։

— Էլի արյո՜ւն...— կոչեց կինը սարսափելով։

  1. Նամահրամ, այն տղամարդիկը, որոնց կրոնքով արգելված է օտար կանանց երեսը տեսնել: